Եղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Սեպտեմբերի 23-ին և 24-ին արևադարձային տաքօդային հոսանքների ներթափանցման հետևանքով հանրապետության ողջ տարածքում գրանցվել է բավականին բարձր ջերմային ֆոն, և սեպտեմբերի 23-ին և սեպտեմբերի 24-ին մի շարք շրջաններում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները:
Սեպտեմբերի 24-ի դրությամբ օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։ Սակայն սեպտեմբերի 25-ից սկսած այդ արևադարձային տաք օդի ալիքը աստիճանաբար նահանջում է դեպի հարավ, դուրս է գալիս մեր հանրապետության տարածքից և սեպտեմբերի 25-ին ցերեկային ժամերին արդեն հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 2-4 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, որտեղ առկա է նաև ամպամածություն, այն կնվազի 5-7 աստիճանով։
Ջերմաստիանի հաջորդ նվազումը կդիտվի սեպտեմբերի 28-29-ը ընկած ժամանակահատվածում, հանրապետության ողջ տարածքում այդ օրերին օդի ջերմաստիանը կնվազի ևս 4-5 աստիճանով։ Սեպտեմբերի 25-ին և 26-ին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ հնարավոր են միայն Գեղարքունիքի և Վայոց ձորի առանձին հատվածներում, սեպտեմբերի 27-ին երկրի ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ ահա սեպտեմբերի 28-ի հետկեսօրյա ժամերին, հատկապես երեկոյան ժամերին, Հայաստան արևմուտքից կներթափանցի տեղումնաբեր ցիկլոն, ինչի հետևանքով սեպտեմբերի 28-ին երեկոյան ժամերին, սեպտեմբերի 29-ից 30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,- ասել է Սուրենյանը: