«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 24-ին Սիսիանում հերթական զինծառայողն է մահացել: Նախնական տեղեկություններով, վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների միջեւ, ապա նռնակ է պայթել։ Մահացածը պայմանագրային զինծառայող էր՝ 2022 թվականից։
Թերթի տեղեկություններով` վիճաբանությունը տեղի է ունեցել զինվորների միջեւ ծագած ֆինանսական հարցերի հետ կապված: Թերթի՝ բանակի աղբյուրը պնդում է, որ կատարվածից հետո բոլոր զինվորականներից պահանջել են անխտիր ներկայացնել, թե ով որքան վարկ ունի, ինչը, փաստորեն, նման ողբերգությունների պատճառ է դառնում:
Սակայն այս պահանջը զինվորականների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել, նրանք կարծում են, որ պաշտպանության նախարարությունն իրավունք չունի միջամտելու իրենց անձնական կյանքին եւ ֆինանսական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջել»:
--
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ի մահվան դեպքով իրավապահները մի քանի վարկած են քննում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներ կարող էին հանգեցնել զինծառայողի այդ քայլին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննության շրջանակում ուսումնասիրվում են զինծառայողի անձնական կյանքի և հնարավոր խնդիրների վերաբերյալ տարբեր հանգամանքներ։ Մասնավորապես, վարույթի ընթացքում տեղեկություններ են ի հայտ եկել, որ նա նախկինում անցել է թմրանյութերի հետ կապված վարույթով, ինչպես նաև ունեցել է պարտքերի և առցանց խաղերի հետ կապված խնդիրներ։ Իրավապահները, սակայն, դեռևս չեն հաստատում, որ նշված հանգամանքներից որևէ մեկն ուղղակիորեն կապված է զինծառայողի մահվան հետ։
Դեպքից առաջ զինծառայողի վարքագիծը նույնպես ուսումնասիրվում է։ Թերթի տեղեկություններով՝ հարցաքննվել են նրա ծառայակիցները, որոնք նշել են, որ դեպքից առաջ նա եղել է հանգիստ և իրենց համար որևէ արտառոց վարքագիծ չի դրսևորել։
--
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը, Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Արմավիրում և Կոտայքում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։ Սակայն այս ընտրական օրը համայնք առ համայնք ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ բոլոր տեղերում էլ դասական քաղաքական պայքարի մասին խոսելը դժվար է։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ընտրությունները նախատեսված են Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Թումանյանում, Ֆերիկում և Արզնիում ընտրելու են ավագանու անդամների, իսկ Լերմոնտովոյում՝ նաև համայնքի ղեկավարի։
Ամենաուշագրավ պատկերն արձանագրվում է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այսինքն՝ ընտրողը քաղաքական ուժերի միջև ընտրության հնարավորություն չունի։
--
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած տարաբնույթ խոսակցություններին, թե Հայկ Սարգսյանն իր հարցերը լուծել է, եւ նրան չեն հեռացնի «Քաղպայմանագրից», թերթի աղբյուրները պնդում են, որ Հայկի՝ կուսակցությունում մնալն օրերի հարց է, եւ հարցը վարչությունը չի քննարկում մեկ պատճառով, քանի որ Փաշինյանը բացակայում է երկրից եւ չի կարող մասնակցել վարչության նիստերին։
Գրեթե անհավանական են համարում, որ վարչությունը հօգուտ Հայկի որոշում կկայացնի, քանի որ ՔՊ վերահսկող հանձնաժողովն արդեն Հայկի «դատավճիռը» կայացրել է եւ կուսակցությունից հեռացելու առաջարկով դիմել է վարչություն։ Ըստ ՔՊ կանոնադրության, նախ վերահսկող հանձնաժողովն է քննում գործերը, եթե համարում է, որ արժանի է հեռացման, ապա վարչության որոշումը, կարելի է ասել, մեխանիկական է լինում»։
--
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը վերանշանակվելուց հետո ոչ միայն ամրապնդել է դիրքերը, այլեւ պայքար է սկսել անհնազանդ ենթակաների դեմ` նրանց, որոնք իր հրահանգներն անառարկելիորեն չեն կատարում։
Աշխատանքային անհամատեղելիության պատճառով պաշտոնից ազատվել է ՔԿԾ պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը, որը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ որդին է։ Ազատել է նաեւ «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանին, որը համակարգի հնաբնակներից է համարվում: Սկզբում նրա նկատմամբ ծառայողական քննություն նշանակեցին, իսկ օրերս ազատել են աշխատանքից։ Թերթի աղբյուրներն ասում են, որ Ղազարյանը դիմել է դատարան՝ վիճարկելով պետի որոշումը»։
--
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանության կողմից գործադրված տարատեսակ ճնշումների հետեւանքով Դիլիջան համայնքի գործող ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության 8 անդամներից միայն երկուսն են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում նույն կուսակցությունից կրկին ավագանու թեկնածու առաջադրվել։
Այդ երկու անձը «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուների առաջադրված ցուցակի 1-ին եւ 2-րդ համարներ Վարդան Ավագյանը եւ Սարգիս Սահակյանն են։ Մյուսները որոշել են «շառից, փորձանքից, իշխանության զայրույթից հեռու լինել»։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հաստատեց թերթի տեղեկությունը՝ նշելով, որ այդ մարդկանց մի մասը ցանկացել է քաղաքական այս պրոցեսներից հեռու մնալ․ «Հիմա այլ գործերով են՝ այլ զբաղվածություն ունեն, նրանց մի մասն ավելի շուտ էր մանդատը վայր դրել։ Սարգիս Սահակյանն էլ ի սկզբանե ավագանիում չի եղել, հետո է դարձել ավագանու անդամ։ Մեզ մոտ որոշակի խառը փոփոխություններ են եղել։ Նոր առաջադրված ցուցակի երրորդ համարը Նելլի Ամիրյանն է, որն էլի մեր թիմից է, բայց նախկինում չի առաջադրվել»»։
--
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 25-ին Սյունիքի մարզում սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ ուշագրավ որոշում է կայացվել։ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 1-ից 14-ը ներառյալ արձակուրդ է մեկնում։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ մարզում սպասվելիք ընտրությունների ողջ պատասխանատվությունը «դրվել» է Ռոբերտ Ղուկասյանի վրա։ Փաշինյանը չի հանդուրժելու, եթե մարզպետը չհաջողի ընտրություններում հաղթանակ ապահովել։ Ու դա է պատճառը, որ մարզպետը քարոզարշավի ընթացքում արձակուրդում է լինելու։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Սյունիքում քվեարկություն է նախատեսված Գորիս և Մեղրի համայնքներում, և երկու համայնքներում էլ ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով։
--