Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 19:00 23-09-2026

Կեղծ պայմանագրեր և 50% միջնորդավճար. ինչպես է անշարժ գույքի ստվերային «մաֆիան» կեղեքում քաղաքացիներին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

2018 թվականին ամենաթմբկահարված խոստումներից մեկն այն էր, որ Հայաստանի Հանրապետությունում վարձով ապրող քաղաքացիներ չպետք է լինեն։

Սակայն անցել է 8 տարի, և այսօր իրականությունը ոչ միայն հեռու է այդ հավաստիացումներից, այլև աղետալի է. երկրում վարձով ապրողների թիվը քառապատկվել է։ Բնակարանային շուկան մատնված է բացարձակ ամենաթողության, ինչի արդյունքում վճարունակ, պարտաճանաչ և աշխատող միջին խավը կանգնած է անօթևանության հստակ սպառնալիքի առաջ։

Այս թեմայի շուրջ հանրային գործիչ, «Հանուն սոցիալական արդարության» նախաձեռնության հիմնադիր Անի Կարապետյանի հետ զրույցը վեր է հանում խնդրի բուն էությունն ու հասարակական խորը դժգոհության պատճառները։

Ըստ Կարապետյանի, խնդիրը վաղուց դուրս է եկել մայրաքաղաքի սահմաններից։ Ահազանգերի աշխարհագրությունը ձգվում է Երևանի կենտրոնից մինչև սահմանամերձ Կապան։ Ստեղծված իրավիճակում ամենախոցելին ընտանիքներն ու երեխաներն են։

Այս պահի դրությամբ ձևավորված քաղաքացիական նախաձեռնության շուրջ հավաքված է շուրջ 100 ընտանիք՝ անչափահաս երեխաներով, ովքեր սեփականատերերի կամայականության պատճառով հայտնվել են փաստացի անօթևանի կարգավիճակում։ Տեղից տեղ անընդհատ տեղափոխվելու և կայուն կացարան չունենալու պատճառով այս բալիկները զրկված են մանկապարտեզ և դպրոց գնալու տարրական, սահմանադրական իրավունքից։

«Շուկան ստվերից հանելու նպատակով Կառավարության ներդրած 10% եկամտային հարկի պահանջը գործնականում տապալվել է։ Չունենալով վերահսկողական պատշաճ մեխանիզմներ՝ պետությունն այս հարկային բեռը անուղղակիորեն բարդեց վարձակալի վրա։ Տանտերերը պարզապես 10%-ով բարձրացնում են վարձավճարը՝ հարկը վարձակալին վճարել տալու համար։ Արդյունքում քաղաքացին ստիպված է լինում զիջել, չգնալ օրինական պայմանագրի կնքմանը, ինչն էլ իր հերթին ճանապարհ է բացում զեղծարարությունների համար։ Այս տնտեսական քաոսից օգտվում են անշարժ գույքի գործակալները (բրոկերները)։ Մեկ ամսվա վարձի 50% միջնորդավճար վերցնելը դարձել է բացարձակ աբսուրդ։ Գործակալների շուրջ 85%-ը հարկ չի վճարում, չունի համապատասխան պայմանագրեր և քաղաքացիներին հրամցնում է «ֆիկտիվ», իրավական ուժ չունեցող թղթեր, որոնք տանտիրոջ կամայական վտարման ժամանակ վարձակալին ոչ մի կերպ չեն պաշտպանում»,- ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, թե ինչ քայլեր պետք է իրականցնի կառավարությունը՝ ոլորտը բարեփոխելու համար։

Այսպես․ քանի որ 10% հարկը գործնականում չի կիրառվում և անընդհատ շրջանցվում է, պետությունը պետք է իջեցնի շեմը մինչև 5%։ Սա կմոտիվացնի տանտերերին դուրս գալ ստվերից և չի հարվածի վարձակալի գրպանին։

Պետք է ստեղծվի համապատասխան վիճակագրական մարմին, որը կվարի վարձակալությամբ հանձնվող բոլոր բնակարանների միասնական բազան։ Դա թույլ կտա օրենքի սահմաններում պաշտպանել թե՛ սեփականատիրոջ, թե՛ վարձակալի իրավունքները, իսկ պետական բյուջե կգնան կայուն հարկային մուտքեր։

«Բնակարան ունենալը մարդու բնական ու հիմնարար իրավունքն է։ Եթե ոմանց համար սա պարզապես գերշահույթ ապահովող բիզնես է, ապա պետությունը պարտավոր է կոշտ միջամտությամբ սանձել այդ բիզնեսը։ Քաղաքացուն անելանելի վիճակում թողնելը հղի է սոցիալական պայթյունով, որի պատասխանատուն լինելու է բացառապես գործող իշխանությունը»,- ասում է Անի Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը