Ներքին 1 ժամ առաջ - 22:35 22-09-2026

Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch

Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց մի շարք իրավունքների խախտումների մասին։

Այս մասին սեպտեմբերի 21-ին հրապարակված նյութում հայտնել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, փոխանցում է Փաստինֆոն։

Կազմակերպությունը հղում է անում Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի՝ սեպտեմբերի 16-ին ձայնագրված դիմումին։ Վարդանյանի խոսքով՝ ինքը և ևս 18 հայ գերիներ զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապի, անհրաժեշտ բժշկական հետազոտությունների, բավարար ֆիզիկական ակտիվության և ադրբեջանական օրենսդրությամբ նախատեսված մի շարք այլ իրավունքներից։

Նրա պնդմամբ՝ Ումբակի քրեակատարողական հիմնարկում պահվող որոշ անձինք չեն ստանում իրենց հասանելիք շաբաթական հեռախոսազանգերը, իսկ տեսազանգերի հնարավորություն ընդհանրապես չի տրամադրվում։ Վարդանյանը նաև հայտնել է, որ չի կարողացել բժշկական հետազոտություններ անցնել նույնիսկ սեփական միջոցներով, օգտվել նոտարական ծառայություններից և ստանալ իր բողոքների գրավոր պատասխանները։

Նա նաև պնդել է, որ գերիներին շաբաթական միայն մեկ անգամ՝ 20-40 րոպեով, թույլատրվում է զբոսնել բաց տարածքում՝ օրական մեկ ժամի փոխարեն։

Human Rights Watch-ը նշում է, որ չի կարողացել անկախ կերպով հաստատել այս պնդումները։

Կազմակերպության տվյալներով՝ հայ գերիների և նրանց ընտանիքների միջև կապը բարդացել է նաև այն բանից հետո, երբ 2025 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում դադարեցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության գործունեությունը։

ԿԽՄԿ-ի Ժնևից ժամանած ներկայացուցիչները հետագայում այցելել են պահվող անձանց, սակայն այդ այցելությունները դարձել են ավելի անկանոն։

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի գրասենյակը սեպտեմբերի 19-ին հերքել է հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ պնդումները։ Օմբուդսմենի գրասենյակը հայտարարել է, որ նրանց պահման պայմաններն ու իրավունքների ապահովումը պարբերաբար վերահսկվել են։

Human Rights Watch-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել բոլոր գերիների կանոնավոր շփումն ընտանիքների հետ, անհրաժեշտ բժշկական օգնությունը, նամակների և թույլատրելի ծանրոցների ստացումը, ինչպես նաև ամենօրյա բավարար զբոսանքի հնարավորությունը։ Կազմակերպությունը նաև կոչ է արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ապահովել կանոնավոր հասանելիություն հակամարտության հետ կապված պահվող անձանց նկատմամբ։

Ամենից շատ դիտված

22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»
22:00 Երևանի բոլոր մանկապարտեզների համար ձու մատակարարել է Նարեկ Նալբանդյանը
08:19 Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են․ «Հրապարակ»