Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 18:39 18-09-2026

Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի ֆինանսական և տնտեսական անվտանգությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հայտարարությունը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման վերաբերյալ, որն ուղղված է գնաճի զսպմանը, շղթայական ռեակցիայով հանգեցնում է շուկայում «փողի թանկացմանը»։

Շարքային քաղաքացիների համար սա նշանակում է մեկ բան. առևտրային բանկերն այդ փողը ԿԲ-ից ավելի թանկ են գնելու ու ավելի թանկ էլ «վաճառելու» (վարկավորելու) են սպառողական վարկերի ու հիփոթեքների տեսքով։

Տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը Oragir.News-ի հետ զրույցում բացահայտում է այս ճգնաժամի շատ ավելի վտանգավոր, քաղաքատնտեսական շերտերը։

«Շատ կարևոր է ուշադրություն դարձնել Մարտին Գալստյանի խոսքի երկրորդ մասին, որտեղ նա ասում է՝ գազի գնի թանկացման հետևանքով մենք էներգետիկ ոլորտում ունենալու ենք բավական լուրջ իրավիճակ։ Էստեղ կառավարությունը պետք է ավելի լուրջ վերաբերվի այս հայտարարությանը, երբ ԿԲ-ն է սրա մասին ասում որպես անկախ մարմին: Իսկապես շատ լուրջ վտանգ է սպառնում տնտեսությանը և տնտեսական անվտանգությանը»,- նշում է Թաթուլ Մանասերյանը։

Փորձագետը բացահայտ կասկած է հայտնում նաև գործադիրի ներուժի վրա. «Ես մի քիչ կասկածներ ունեմ, որ ներկայիս կառավարության ներուժը բավարար է արհեստավարժության առումով՝ լուծումներ գտնելու»։

Նրա ձևակերպմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսությամբ զբաղվելու փոխարեն հաճախ քաղաքական հայտարարություններ է անում, ինչի պատճառով «ամեն ինչ խառնվել է իրար»։

Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ՝ ձմռան ամիսներին սպասվող գազի գնի բարձրացումը, որը հարվածելու է ժողովրդի գնողունակությանն ու տնտեսությանը, իշխանությունների ոչ խոհեմ արտաքին քաղաքականության ուղղակի հետևանքն է։

«Այս խնդրի լուծումն ավելի շատ քաղաքական դաշտում է։ Պետք չէ Ռուսաստանի Դաշնության հետ նման «խաղեր» ու մանևրներ անել՝ Արևմուտքին հաճոյանալու համար։ Արևմուտքն ինքը տառապում է ռուսական գազի գնից և տնտեսապես կախված է դրանից։ Մինչդեռ, անդունդի եզրին գտնվող Հայաստանին ներքաշել են այս ամենի մեջ, որպեսզի նա գժտվի Ռուսաստանի հետ և վատթարացնի հարաբերությունները»,- նկատում է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ եթե իշխանությունները մտադիր չեն իրենց այս կեցվածքը փոխել, ապա արդյունքում պատասխան են տալու գործադիր մարմնի օղակները, իսկ տուժելու է ամբողջ ժողովուրդը։

«Փորձում են նաև հանրությանը համոզել, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը դրախտային պայմաններ է ստեղծելու Հայաստանի համար։ Լևոն Բարխուդարյանը, ով չգիտես ինչու մինչև վերջերս համարվում էր լուրջ տնտեսագետ, պնդում է, թե Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո 6-7% տնտեսական աճ ենք ունենալու։ Նման «խելոք» տնտեսագետներին գնացեք հարցրեք՝ իսկ ի՞նչ է սպասվում գազի գնի հետ կապված։ Թող նա նաև բացատրի, թե Թուրքիայի հետ սահմանը բացելով ինչպես ենք 6-7% տնտեսական աճ գրանցելու, այլ ոչ թե 60-70% տնտեսական անկում։ Խնդրում եմ՝ հենց այդպիսի «գիտակներին» խոսեցրեք, որովհետև սա պարզապես տկարամտության արտահայտություն է։ Չի կարելի իշխանություններին հաճոյանալու համար ժողովրդին մոլորության մատնել»,- ասում է տնտեսագետը։

Մանասերյանը հիշեցնում է մերօրյա իրականությունը. «Մի հատ Վերին Լարսն է փակվում, տեսնում ենք՝ ինչ վիճակում է հայտնվում տնտեսությունը․․․․եթե սահմանը բացվի, թուրքերը սպասելու են, որ հայերը արտադրեն, իրենք էլ գնեն ու փող տա՞ն Հայաստանին, թե՞ իրենց հսկայական շուկայով ու էժան ապրանքներով կլանելու են հայկական արտադրությունը։ Տեսեք, եվրոպական երկրները ոնց են տառապում իրենց ապրանքները թուրքական ապրանքների հետ մրցակցության մեջ տանուլ տալով։ Թուրքական փողերով սնվող արևմտամետներն էլ թող խելքները գուխները հավաքեն, որովհետև ժողովդին արդեն կործանման եզրին են հասցրել»: Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
20:43 Ինչպես է տեղի ունեցել «Nissan Tiida»-ի, «Toyota Camry»-ի, «Lada»-ի և 2 «ԶԻԼ» բեռնատարների մասնակցությամբ ավտովթարը Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ