Եվրոպական հանձնաժողովը սեպտեմբերի 17-ին ընդունել է EU KIDS Act-ը, որի նպատակն է բարձրացնել երեխաների առցանց անվտանգության մակարդակն ամբողջ Եվրամիությունում։
ԵՄ կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ նոր առաջարկով արգելվում է մինչև 13 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր, իսկ անչափահասների՝ սեփական հաշիվ բացելու համար սահմանվում է ԵՄ ամբողջ տարածքում գործող նվազագույն տարիքային շեմ՝ 15 տարեկանը։
KIDS Act-ը նախատեսում է, որ ծառայություններ մատուցողները պետք է ապացուցեն, որ իրենց ծառայությունները համապատասխանում են երեխաների տարիքին և ի սկզբանե անվտանգ են նախագծված։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս կապակցությամբ հայտարարել է. «Այսօր մեր երեխաներն օգտագործում են երբևէ ստեղծված ամենաբարդ տեխնոլոգիաները։ Տեխնոլոգիաներ, որոնք ի սկզբանե չեն ստեղծվել՝ հաշվի առնելով նրանց բարեկեցությունը։ Մեր KIDS Act-ով հարթակներն իրենք պետք է ապացուցեն, որ իրենց ծառայություններն ի սկզբանե անվտանգ են։ Մենք նաև ծնողներին կրկին տալիս ենք վերահսկողության գործիքները՝ օգնելու նրանց երեխաներին ավելի անվտանգ կողմնորոշվել առցանց աշխարհում»։
Օրենսդրական առաջարկը ներկայացվել է Եվրոպական խորհրդարանին և ԵՄ խորհրդին՝ դրա քննարկման և ընդունման օրենսդրական գործընթացը մեկնարկելու նպատակով։ «Հաշվի առնելով ԵՄ մակարդակով անհետաձգելի և համապարփակ գործողությունների հստակ անհրաժեշտությունը՝ կարևոր է, որ ակտն ընդունվի հնարավորինս արագ»,- ասվում է ԵՄ կայքում հրապարակված հայտարարության մեջ։