Ներքին 1 ամիս առաջ - 20:54 12-09-2026

5000 դրամ՝ օնլայն գրանցման դիմաց. Սոցապի անվճար ծառայությունը դարձել է վճարովի բիզնես

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ֆեյսբուքյան փակ խմբերից մեկում վերջին շրջանում նոր և խիստ մտահոգիչ երևույթ է ձևավորվել։ Որոշ սրտացավ ձևացող անձինք անապահով մայրիկներին առաջարկում են իրենց օգնությունը՝ գումարի դիմաց։ Նպաստառու այն քաղաքացիներին, որոնց հայտերը նոր համակարգի պատճառով հաճախ մերժվում են, առաջարկվում է վճարովի հիմունքներով իրականացնել նպաստների օնլայն հայտագրման գործընթացը։

Oragir.News-ի ձեռքի տակ հայտնված «սքրինշոթերը» փաստում են, որ սոցիալական ցանցերում բացահայտ հայտարարություններ են տարածվում, որտեղ միջնորդները գրում են. «Կատարում եմ նպաստի օնլայն գրանցում. մանրամասների համար գրել անձնական»։




Պարզվում է՝ տանը նստած, առանց խղճի խայթի, կոպեկների կարոտ անապահով քաղաքացիներին «օգնելու» և պետական համակարգում հայտ լրացնելու համար այս անձինք պահանջում են 4000-5000 դրամ։ Ինչպես երևում է քաղաքացիներին ուղարկված անձնական նամակագրությունից, նրանք վստահեցնում են. «Արժեքը 5000 դրամ է: Ես ամբողջ գործընթացը սկզբից մինչև վերջ անում եմ, ձեզ հետ կլինեմ ամբողջ ընթացքում»։

Սակայն այս ամենի մեջ ամենավատն այն է, որ դեռ պարզ չէ, թե ինչ արդյունք կունենա այդ գործընթացը՝ պետական ավտոմատացված համակարգը կմերժի՞, թե՞ կընդունի այդ հայտը։






Սակայն սա դեռ ամբողջը չէ. առկա է շատ ավելի մեծ և վտանգավոր խնդիր, որը վերաբերում է տվյալների գաղտնիությանն ու անվտանգությանը։ Մարդիկ, չտիրապետելով համակարգչային տարրական գիտելիքներին, միամտորեն իրենց անձնական տվյալները վստահում են բոլորովին անծանոթ մարդկանց, իսկ հնարավոր աղետալի հետևանքների մասին ավելորդ է անգամ ենթադրել կամ պատկերացնել։

Մեր տեղեկություններով՝ այս դեպքում միջնորդ հանդիսացող անձը միայն սովորական դիմումը չի լրացնում։ Պետական նոր համակարգով նպաստի համար դիմելիս քաղաքացին պետք է պարտադիր գրանցվի նաև e-work (զբաղվածության) ծրագրում։ Այս հարթակն իրենից ներկայացնում է ավելի խորքային անձնական տվյալների պարունակություն՝ սկսած կրթությունից, դիպլոմների տվյալներից, հին աշխատանքի վայրերից մինչև ընտանեկան ամեն մանրուք։ Բոլոր այս տվյալները ևս մուտքագրվում են այդ կայքում, ինչի արդյունքում ստացվում է, որ քաղաքացու ողջ կյանքն ու կենսագրությունը հայտնվում են լիովին օտար, պատահական մարդկանց ձեռքում, ովքեր հետագայում կարող են այդ տվյալներն օգտագործել սեփական հայեցողությամբ։






Որքան նպաստ է ստանում սոցիալապես ծանր, ծայրահեղ վիճակում գտնվող մարդը, որ դեռ մի հատ էլ 5000 դրամ հատկացնի սոցապի հայտ լրացնելու համար՝ առանց անգամ վստահ լինելու դրա արդյունքի վրա։

Ո՞ւր են նայում պատասխանատուները, երբ իրենց քթի տակ, պետական համակարգի բարդության ու անմատչելիության պատճառով, խոցելի քաղաքացիները դառնում են բացահայտ շահագործման և տվյալների արտահոսքի զոհ։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա