Ներքին 1 ամիս առաջ - 18:30 12-09-2026

Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը

Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ֆրանսիական «L’Œuvre d’Orient» (Գործք Արևելքի) կազմակերպության անդամներին՝ առաջնորդությամբ գլխավոր տնօրեն եպիսկոպոս Հյուգ դը Վուայմոնի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

«Հանդիպմանը կազմակերպության գլխավոր տնօրենն ուրախություն հայտնեց ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանն արժանանալու առիթով՝ առանձնակի կարևորելով ուխտավորների՝ Հայոց Եկեղեցու սրբություններին, հոգևոր ավանդությանն ու մշակույթին հաղորդակից դառնալու այս հնարավորությունը։ Ներկայացնելով «L’Œuvre d’Orient»-ի շուրջ 170-ամյա գործունեությունը՝ Նորին Սրբազնությունը տեղեկություններ փոխանցեց Արևելքի քրիստոնեական համայնքներին աջակցման ծրագրերի, ինչպես նաև Հայոց Եկեղեցու հետ կազմակերպության պատմական կապերի մասին։

Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայոց Եկեղեցու առաքելական ակունքներին ու ազգապահպան առաքելությանը՝ ընդգծելով նրա բացառիկ դերը հայ ժողովրդի հավատքի զորացման, ազգային ինքնության կերտման ու պահպանման գործում։

Խոսելով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին՝ պատմության դժվարին հանգրվաններում Հայաստանին զորավիգ լինելու առնչությամբ։ Նորին Սրբությունը բարձր գնահատեց նաև «L’Œuvre d’Orient» կազմակերպության մարդասիրական առաքելությունն ու հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցությունը։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց ուխտավորներին՝ մաղթելով բարի կեցություն Հայաստանում և վստահություն հայտնելով, որ նրանք հայրենիք կվերադառնան հայոց հոգևոր սրբություններից ներշնչված ու ջերմ տպավորություններով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա