Ռուսաստանում չինական արտադրության մեքենաների՝ Հայաստան տեղափոխման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Մասնավորապես, ավտոներկրողները պնդում են, որ մեքենաները Հայաստան տեղափոխող էվակուատորները ռուսական կողմում չեն կարողանում անցնել սահմանային անցակետերով, ինչի հետևանքով բազմաթիվ մեքենաներ կալանավորվում են։
Oragir.News-ի հետ զրույցում խնդրի մասին մանրամասներ ներկայացրեց անհատ ձեռնարկատեր, ավտոներկրող Դավիթ Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ նման մասշտաբի խնդիր նախկինում չի եղել։
«Վերջերս է այս խնդիրը առաջացել։ Մինչև հիմա նման խնդիր չի եղել։ Իհարկե, առանձին դեպքեր եղել են, բայց այն մասշտաբով, ինչ հիմա է՝ ըստ բեռնափոխադրողների՝ մոտ 300 էվակուատոր են կալանավորել, նման բան չէր եղել։ Սա աննախադեպ է»,- ասաց նա։
Ավտոներկրողի խոսքով՝ խնդիրը կապված է հիմնականում այն մեքենաների հետ, որոնք Չինաստանից Հայաստան են տեղափոխվում էվակուատորներով։ Նրա պնդմամբ՝ մեքենաները կալանավորելու պատճառաբանությունը հաճախ փաստաթղթերի հետ կապված խնդիրներն են, սակայն իրականում, իր խոսքով, փաստաթղթերում որևէ խնդիր չկա։
«Իրենց ասելով՝ փաստաթղթերում ինչ-որ բան սխալ է։ Բայց ամեն ինչ նշված է։ Թղթերի հետ խնդիր չկա։ Պոստում ուղղակի ասում են՝ չի անցնում, տուգանում են, ու բան չես կարող անել»,- նշեց Մարտիրոսյանը։
Նա ստեղծված իրավիճակը կապում է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատացման հետ։
«Միշտ բաց են թողել, իսկ հիմա չեն թողնում։ Ես դա կապում եմ հայ-ռուսական հարաբերությունների վատացման հետ»,- ասաց նա։
Մարտիրոսյանի խոսքով՝ իրավիճակը հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ մեքենաները Հայաստան տեղափոխելու այլընտրանքային տարբերակը բավականին ռիսկային է։
«Այս պահին պետք է ավտոմեքենան քշելով բերվի, եթե ուզում ենք, որ մեքենան նորմալ գա։ Էվակուատորով այս պահին շատ ռիսկային է։ Դեպքերի 70-80 տոկոսում մեքենաները կալանավորում են ու պահանջում աստղաբաշխական գումարներ»,- նշեց նա։
Ավտոներկրողը նաև պնդեց, որ առանձին դեպքերում մեքենաները բաց թողնելու համար գումար են պահանջում։
«Վերջերս՝ երեկ, իմացա հերթական կալանավորման մասին, ու պահանջում են 200 հազար ռուբլի կաշառք, որ մեքենան բաց թողնեն։ Դա ավելի քան մեկ միլիոն դրամ է»,- ասաց Մարտիրոսյանը։
Նա, սակայն, նշեց, որ խնդրի մասին դեռևս չի դիմել ՀՀ պատկան մարմիններին, այդ թվում՝ կառավարությանը կամ Էկոնոմիկայի նախարարությանը։ Պատճառը, ըստ նրա, այն է, որ ինքն անհատ ավտոներկրող է և չունի համապատասխան ռեսուրսներ՝ հարցը կազմակերպված կերպով բարձրացնելու համար։
«Ես այդ մասշտաբների բեռ, ավտոներկրում չեմ զբաղվում, ես փոքր քանակով եմ բերում։ Եթե մեծ քանակով բերողները ինչ-որ բան են անում, ես կարծում եմ՝ դա արդեն իրենց խնդիրն է։ Ես դրա ռեսուրսները չունեմ, մենակ եմ, կազմակերպություն չեմ, որ իրավաբաններ կամ այլ մասնագետներ ունենամ»,- ասաց նա։
Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ներկայում խնդիրն առնչվում է տարբեր ավտոսրահներից Չինաստանից Հայաստան ներմուծվող մեքենաներին։ Նրա խոսքով՝ ավտոմեքենաների տեղափոխումը ավտոմեքենաներով առանձին դեպքերում իրականացվում է առանց նման խնդիրների, մինչդեռ էվակուատորներով տեղափոխումը դարձել է լուրջ ռիսկ։
«Ըստ իրենց ասածների՝ մոտ 300 մեքենա են ձերբակալել։ Տարբեր սրահներից մեքենաներ են, և ով իր մեքենան է բերել էվակուատորով, կալանավորում են ու գումար են պահանջում բաց թողնելու համար՝ մոտ 150-300 հազար ռուբլի»,- նշեց նա։