«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչպես տեղեկացրել ենք, աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունները կենաց-մահու հարց են դարձել Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության համար։ Փաշինյանն անձամբ է թեկնածուների քասթինգ անում, ավագանու թեկնածուների ու համայնքապետերի ցուցակներ կազմում։ Համապետական ընտրությունները թերեւս մեծ դաս են դարձել Փաշինյանի համար, նա որոշել է տեղերում ամրապնդել դիրքերը, ուժեղ թեկնածուներ գտնել, նրանց վրա խաղադրույքներ կատարել՝ նպատակ ունենալով հաջորդ ընտրություններին ավելի շատ ձայներ տանել համայնքներից։
Մենք բազում անդրադարձներ ենք արել նախընտրական գործընթացներին, իշխանական վարչակարգի՝ ընդդիմադիրների նկատմամբ գործադրած ճնշումներին, առաջարկվող գործարքներին եւ այլն: Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր եւ անհնար ճանապարհներով որոշել է զավթել համայնքային իշխանությունը, ուստի հանձնարարել է ամենամրցունակ թեկնածուներին իրենցով անել, որտեղ էլ որ անցողիկ թեկնածու չունեն եւ մտածում են, որ չեն հաջողի` անգամ վարչական լծակներով չեն հաղթի, որոշել են կրկին խոշորացումների գնալ` համայնքների սահմանները համապատասխանեցնելով իրենց թեկնածուներին կամ ունեցած ռեսուրսներին, իսկ որոշ դեպքերում՝ անգամ հետաձգել ընտրությունները։
Տեղեկացանք, որ հրատապ կարգով Ազգային ժողով է ներկայացվել օրենսդրական երկու նախագիծ, որոնցով առաջարկվում է միավորել Վանաձոր եւ Փամբակ համայնքները մեկ համայնքի մեջ, որը կդառնա Երեւանից հետո երկրորդ ամենամեծ համայնքը: Ինչպես նաեւ խոշորացնել Արարատ եւ Վեդի համայնքները: ՏԻՄ օրենքում մեկ այլ փոփոխությամբ էլ այս համայնքների ընտրություններն այս աշնանից որոշել են տեղափոխել հաջորդ տարվա գարուն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։