Ներքին 26 րոպե առաջ - 20:33 02-09-2026

Մարդասիրական ճգնաժամ է հասունանում Հայաստանում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Սովը, հացի, ջրի, առաջին անհրաժեշտության առարկաների բացակայությունը ազդում են մարդկանց վարքագծի վրա։

Մարդիկ կորցնում են մարդկային դեմքը, մոռանում մարդկային արժեքները, միմյանց վնասում մի կտոր հացի կամ մի բաժակ ջրի համար։ Այս իրավիճակը բնորոշվում է որպես մարդասիրական ճգնաժամ։ Այսինքն՝ այնպիսի իրավիճակ է, որ մարդիկ բարոյական նորմերը չեն հարգում, միմյանց հանդեպ դառնում են սրիկա, տականք, գազան։

Սեպտեմբերի 1-ին նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութեր ու լուսանկարներ տարածվեցին համացանցում։ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն այդ փաստը քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություն է բնորոշել։ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ։ Իրավապաշտպանները սա խոշտանգում են որակել։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, որոշել է Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորել։ Այժմ նա գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։

Առաջին հայացքից սա խոշտանգում է, ինչպես նշում են փաստաբաններն ու իրավապաշտպանները։ Փորձենք պարզել, թե ինչո՞ւ են խոշտանգում նախկին պաշտոնյային։ Հնարավոր չէ՞ր վարույթն իրականացնել՝ առանց 71-ամյա ծանր հիվանդին կալանավորելու։

Արդարադատությունը հիմնվում է օրենքների և խղճի վրա։ Մասնավորապես՝ դատավորից պահանջվում է, որ նա առաջնորդվի օրենքով և խղճով։ Տվյալ պարագայում իրավապահն ու դատարանը կարող էին առաջնորդվել խղճով և վարույթն իրականացնել՝ առանց անկողնային հիվանդին դատարան բերելու։ Վերջինս կարող էր լիազորել իր ներկայացուցիչներին, որ իր փոխարեն հանդես գան դատարանում և դատախազությունում։ Եվ անկողնային հիվանդին դատարան տանելու հարկ չէր լինի։ Գուցե այդ կերպ քննությունն ու դատավարությունն ավելի երկար տևեին, սակայն դատախազն ու դատավորը կապացուցեին, որ մարդ են, չեն կորցրել մարդկային դեմքը, առաջնորդվում են բարոյական նորմերով, հարգում են Սահմանադրության 3-րդ հոդվածը։

Նույնը կարելի է ասել կալանքի որոշման վերաբերյալ։ Անկողնային հիվանդը ինչպե՞ս էր խոչընդոտելու քննությանը կամ ինչպե՞ս էր փախուստի դիմելու։ Նրան կալանավայրում պահելը թանկ է նստելու, քան տնային հսկողություն սահմանելը, որովհետև անկողնային կալանավորին խնամելու համար բժիշկներ, սոցիալական աշխատողներ են ներգրավվելու, որոնց վճարելու են հարկատուների միջոցներով։

Այստեղ խոսքը մարդու նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի մասին է։ Միջնադարում հանցագործի նկատմամբ վերաբերմունքն անմարդկային էր։ Մարդը բարձրագույն արժեք չէր։ Խոշտանգումները, կտտանքները պատժի ձևեր էին այդ դարերում։ Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ մարդուն դատել են հետմահու, գերեզմանից հանել են ոսկորները և պղծել։ Մարդասիրական գաղափարների տարածման արդյունքում շատ բան է փոխվել։ Մարդը բարձրագույն արժեք է նաև Հայաստանում։ Խոշտանգումն ու կտտանքներն օրենքով արգելված են՝ մարդասիրական գաղափարներից ելնելով։

Կարճ ասած՝ Գագիկ Խաչատրյանին անկողնային վիճակում պատգարակով դատարան տանելու և կալանավորելու որոշումները ողջամիտ մտավախություն են առաջացնում, որ ՀՀ-ում մարդասիրական ճգնաժամի վտանգ է հասունանում, քանի որ ՀՀ-ում իշխանությունները կորցնում են մարդկային դեմքը, անմարդկային որոշումներ են ընդունում, հաշվի չեն առնում մարդու առողջական ծանր վիճակը, վարվում են միջնադարյան հավատաքննիչների պես։ Իսկ ճգնաժամը տեսանելի կլինի, երբ մարդիկ օրինակ կվերցնեն խոշտանգողներից և միմյանց կվերաբերվեն ոչ թե եղբայրաբար, ինչպես նշված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածում, այլ գազանաբար, անմարդկայնորեն։


Թաթուլ Մկրտչյան