Ուղիղ եթեր
Ներքին 20 րոպե առաջ - 17:42 02-09-2026

Շիրակում ընտրական թեժ աշուն է սպասվում․ մարտնչելու են «նախկիններն» ու «ներկաները»

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզում քաղաքական թեժ աշուն է սպասվում։

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ հերթական ընտրություններ կկայանան մարզի երկու խոշորացված համայնքներում՝ Արթիկում և Ախուրյանում, իսկ տարեվերջին ընտրական գործընթացներ են սպասվում նաև Աշոցք և Ամասիա համայնքներում։

Արթիկի և Ախուրյանի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի և թեկնածուների վերջնական ցուցակները դեռևս չեն հրապարակվել, համայնքներում արդեն սկսել են շրջանառվել հավանական թեկնածուների անուններ, քաղաքական ուժերը քննարկում են իրենց մասնակցության ձևաչափը։

Հոկտեմբերին կայանալիք ընտրություններն առանձնահատուկ են նրանով, որ հատկապես Արթիկ համայնքում քաղաքական դաշտում իրար դեմ են դուրս գալու նախկին իշխանությունների թեկնածուն և գործող իշխանության քաղաքական թիմի ներկայացուցիչը։ Այսինքն` նախկին համայնքապետն ընդդեմ գործողի։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ընտրություններին մասնակցելու է նաև Արթիկի նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը։

Հիշեցնենք, որ Վարագյանը Արթիկի համայնքապետ էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում։ Նրա պաշտոնավարումն ավարտվել է 2021 թվականին, երբ արդեն խոշորացված Արթիկ համայնքում անցկացված ընտրություններից հետո իշխանությունը փոխվեց, և համայնքի ղեկավար ընտրվեց Անան Ոսկանյանը։

Ներկայիս համայնքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի Սանիկ Անան Ոսկանյանը ևս պատրաստվում է մասնակցել ընտրություններին և, ըստ շրջանառվող տեղեկությունների, կրկին կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն։ Հիշեցնենք, որ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից առաջ Արթիկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Ազատական» կուսակցությունը համագործակցության հուշագիր էին ստորագրել, որի համաձայն՝ համայնքի ղեկավարի միասնական թեկնածուն Անան Ոսկանյանն էր։ «Ապրելու երկիր» կուսակցությունից քննարկվում է Արթուր Աստոյանի թեկնածությունը։

«Հայաստան» դաշինքը, Oragir.News-ի տեղեկություններով, դեռևս վերջնական որոշում չունի՝ ով պետք է գլխավորի իրենց քաղաքական ուժի ցուցակը կամ առաջադրվի համայնքի ղեկավարի պաշտոնի համար։

«Ուժեղ Հայաստան» դաշինքից ևս այս պահին որևէ կոնկրետ թեկնածուի անուն չի շրջանառվում։ Այսինքն՝ Արթիկում ընտրապայքարի հիմնական ինտրիգը կարող է լինել ոչ միայն քաղաքական ուժերի, այլև նախկին և ներկա իշխանությունների ներկայացուցիչների միջև։ Մեկ կողմում՝ նախկին իշխանության տարիներին համայնքը ղեկավարած Մխիթար Վարագյանն է, մյուս կողմում՝ 2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո իշխանության եկած քաղաքական ուժի ներկայացուցիչ, գործող համայնքապետ Անան Ոսկանյանը։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն խնդրել Արթիկի ներկա և նախկին համայնքապետերից, բայց նրանք մեր զանգերն անպատասխան թողեցին։ Եթե Արթիկում արդեն մի քանի հավանական թեկնածուների անուն է շրջանառվում, ապա Ախուրյան խոշորացված համայնքում իրավիճակն առայժմ ավելի անորոշ է։

Ներկայիս ՔՊ-ական համայնքապետ Զավեն Մանուկյանը դեռևս «անգերազանցելի» է, մրցակիցների անուններ այս պահին չեն շրջանառվում։

Oragir.News-ը զրուցել է Ախուրյանի նախկին համայնքապետ, ՀՅԴ ներկայացուցիչ Արծրուն Իգիթյանի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա պատրաստվում է մասնակցել հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Իգիթյանը կտրականապես բացառել է իր մասնակցությունը։

«Ոչ, իհարկե... չեմ ուզում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասել է Արծրուն Իգիթյանը։

Հիշեցնենք, որ Արծրուն Իգիթյանը 2023 թվականի հուլիսին հրաժարական ներկայացրեց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնից։

Պաշտոնապես նա իր որոշումը հիմնավորել էր առողջական խնդիրներով։ Իգիթյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ դիմում-հրաժարական է ներկայացրել առողջական վիճակի պատճառով։ Սակայն Oragir.News-ն այն ժամանակ գրել էր, որ հրաժարականի քաղաքական ենթատեքստի վերաբերյալ կասկածներ կային, և մեր ունեցած տեղեկություններով՝ նախկին համայնքապետի հեռանալու պատճառներից մեկը ՔՊ-ի կողմից գործադրվող քաղաքական ճնշումներն էին։

Գործող իշխանությունը պարզ է, որ Գյումրիի հետ կապված էլ պլաններ ունի։ Արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին խոսել են Նիկոլ Փաշինյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, շարքային ՔՊ-ականներ, իսկ բոլորովին վերջերս էլ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Վարչապետի հայտարարությունը ուժի մեջ է, և մեզ համար քաղաքական մեծ կարևորություն կա Գյումրիի հետ կապված, և մենք ցանկացած հաջորդ պահի պատրաստվում ենք Գյումրիում ընտրություններով քաղաքային իշխանությունը վերցնել, որովհետև այն բարձրացրած խնդիրները, որոնց մասին ասացինք, դրանց զգալի մասը կապված է նաև համայնքային իշխանությունների՝ կառավարության հետ ոչ համակարգված աշխատանքի հետ»։

Շիրակի մարզում ընտրական աշունն ու ձմեռը, սակայն, Արթիկով և Ախուրյանով չեն ավարտվելու։ Այս տարի ՏԻՄ ընտրություններ նախատեսված են նաև Աշոցք և Ամասիա համայնքներում, սակայն դրանց անցկացման օրը դեռևս նշանակված չէ։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված