Իսլանդիայի քաղաքացիները հանրաքվեի ժամանակ քվեարկել են ԵՄ անդամակցության բանակցությունները չվերսկսելու օգտին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է տեղական RUV հեռուստաընկերությունը։
Երկրի կառավարությունը հանրաքվեին մեկ հարց էր դրել. «Արդյոք պետք է Իսլանդիան վերսկսի անդամակցության բանակցությունները Եվրամիության հետ»։
Վեց ընտրատարածքներից հինգում ձայների հաշվարկից հետո ընտրողների 47.2%-ը կողմ է արտահայտվել բանակցությունների վերսկսման առաջարկին, մինչդեռ 52.5%-ը՝ դեմ։
RUV-ը նշում է, որ վերջնական արդյունքները դեռևս հասանելի չեն, սակայն վերջին մնացած ընտրատարածքի արդյունքները բավարար ձայներ չեն տա եվրոպական ինտեգրման կողմնակիցներին։
Ինչպես նշում է Euronews-ը, բանակցությունները վերսկսելու տարբերակը սկզբում գերակշռում էր, քանի որ ձայները նախ հաշվարկվել են մայրաքաղաք Ռեյկյավիկում, որտեղ բնակչությունն ավելի դրական վերաբերմունք ունի եվրոպական ինտեգրման նկատմամբ։ Սակայն, երբ տվյալներ են ստացվել երկրի հյուսիս-արևմուտքի և հարավի գյուղական շրջաններից, որտեղ քաղաքացիները դեմ են ԵՄ անդամակցությանը, հանրաքվեի արդյունքները փոխվել են։ Հեռուստաալիքը սա սպասելի է անվանում. գյուղական բնակավայրերը ավանդաբար ավելի կասկածամիտ են ԵՄ-ի նկատմամբ՝ ձկնորսության և գյուղատնտեսության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։
Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել 2009 թվականին՝ ֆինանսական ճգնաժամի գագաթնակետին` երկրի երեք խոշորագույն բանկերի սնանկացման ֆոնին։ Սակայն 2013 թվականի դեկտեմբերին կառավարությունը սառեցրեց բանակցությունները, քանի որ Իսլանդիայի տնտեսությունը արագ վերականգնվում էր։ 2015 թվականին Ռեյկյավիկը խնդրեց, որ երկիրն այլևս չդիտարկվի որպես թեկնածու ԵՄ-ին անդամակցելու համար։
Իսլանդիայի իշխող կոալիցիան սկզբում խոստացավ հանրաքվե անցկացնել մինչև 2027 թվականը, բայց հետո որոշեց արագացնել գործընթացը «աշխարհաքաղաքական ցնցումների այս շրջանում», այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից Իսլանդիայի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու որոշումից և Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան բռնակցելու սպառնալիքներից հետո։