Ներքին 3 ամիս առաջ - 21:19 18-08-2026

Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ

ՀՀ զինված ուժերում վերջին շրջանում արձանագրված զինծառայողների ողբերգական մահվան դեպքերն ու ոչ մարտական կորուստները հանգեցրել են պաշտպանական գերատեսչությունում կադրային լայնածավալ փոփոխությունների: Հանրությանն ու լրատվամիջոցներին այժմ ամենից շատ հուզում է մեկ հարց. ի՞նչն է ընկած այս աղմկահարույց պաշտոնանկությունների հիմքում՝ բանակի առողջացո՞ւմը, թե՞ ներիշխանական քաղաքական հաշվեհարդարը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը: Սա այն առանցքային ստորաբաժանումն է, որն ուղղակիորեն պատասխանատու է զորամասերում տիրող ներքին մթնոլորտի և զինվորների հոգեբանական վիճակի համար:

Այս պաշտոնանկությանն անմիջապես հաջորդեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը. «Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում»: Նախարարը տեղեկացրել է, որ իր հրամանով ՊՆ և ԶՈւ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներից ձևավորված սպաների հատուկ խմբեր կգործուղվեն հերթապահություն իրականացնող զորամասեր՝ տեղում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Ստեփանյանի և մյուս բարձրաստիճան զինվորականների (այդ թվում՝ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի) հեռացումները տեղավորվում են հենց այս պայքարի և վերջին զոհերի համար պատասխանատվություն կրելու շրջանակում:

Այդուհանդերձ, մինչ պաշտոնական աղբյուրները խոսում են բանակային ռեֆորմների մասին, հայաստանյան մամուլում ակտիվորեն շրջանառվում է լիովին այլ վարկած: Ըստ հրապարակումների՝ Սուրեն Պապիկյանը ՊՆ համակարգից համառորեն հեռացնում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին։

Ազատվածների թվում են Անդրանիկ Քոչարյանի մտերիմները համարվող նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանը։ Վերլուծաբանները սա որակում են որպես ներիշխանական ազդեցության գոտիների վերաբաշխման հստակ գործընթաց, որի նպատակն է թուլացնել Քոչարյանի դիրքերը ուժային կառույցներում: Ստացվում է մի իրավիճակ, երբ բանակում տեղի ունեցած ողբերգություններն ու Գերագույն գլխավոր հրամանատարի դժգոհությունն օգտագործվում են թիմի ներսում «անցանկալի» անձանցից ազատվելու համար:

Արդյո՞ք այս պաշտոնանկությունները բացառապես կապված են վերջին շրջանում բանակում տիրող աղետալի վիճակի և զինծառայողների մահվան դեպքերի հետ։

Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Պաշտպանության նախարարությունից, բայց գերատեսչությունից համառորեն մեր զանգերին չպատասխանեցին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է