Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 20:30 07-08-2026

Գիշերային գների առեղծվածը. ինչո՞ւ են կեսգիշերից հետո դեղատներում գները հանկարծակի բարձրանում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանյան դեղատներում կեսգիշերից հետո գնումներ կատարող քաղաքացիներն այսուհետ պետք է առավել ուշադիր լինեն: Խոշոր դեղատնային ցանցերում ժամը 00:00-ից հետո նույն դեղերի և ապրանքների գինն ավտոմատ կերպով բարձրանում է: Այսպես կոչված «գիշերային հարկի» կամ սակագնի մասին սպառողներին նախապես ոչ ոք չի տեղեկացնում:

Չկան համապատասխան ցուցանակներ կամ ծանուցումներ ո՛չ դեղատների մուտքի մոտ, ո՛չ էլ սպասարկման պատուհաններին: Օգտատեր Նանե Սահակյանը բարձրացնում է խնդիր՝ կապված շուկայի առաջատարների՝ «Ալֆա Ֆարմ» և «Նատալի Ֆարմ» ցանցերի հետ։

«Դուք գիտե՞ք, որ երբ առնվազն 2 խոշոր (մյուսների մասին չգիտեմ) դեղատների ցանցից 12-ից հետո որևէ բան եք գնում, ավելի շատ եք վճարում: Եթե մարդկանց մեծ մասը այս մասին չգիտի, դա կարծում եմ՝ խնդիր է: Սպառողները պիտի իմանան, որ իրենց գնած նույն դեղը կամ դեղատնային ապրանքը 23:59 այլ գին ունի, 12:01 այլ գին: Ես, օրինակ, շատ պատահական իմացա՝ մի քանի ամիս առաջ, երբ նույն գուլպայի մի հատը գնեցի մի դեղատնից 20 հազար դրամ, 2-րդը չունեին, գնացի որ մյուս զույգը գնեմ նույն ցանցի կողքի փողոցի դեղատնից ու արդեն 25 հազար էր, 15 րոպե անց, ես էլ թվերից վատ չեմ, գինը հիշում էի: Ի դեպ, ակնհայտ էր, որ ցուցված էր դեղատան աշխատողին սպառողին ոչինչ չբացատրել, որովհետև, երբ հարցեր էի տալիս, աշխատողը լուռ ինձ էր նայում՝ 0 վարկածով գնի առեղծվածային փոփոխության մասին»,- գրել է օգտատերը։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն ընթացք են տվել հարցին. «Անում ենք: Մասնագիտական աշխատակազմն արդեն զբաղվում է դրանով: Բայց դա 1 օրվա աշխատանք չի, ժամանակ է պետք: Հանձնաժողովը հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ»:

Ճշտող հարցին՝ արդյոք խոսքը հենց բարձրաձայնված երկու խոշոր դեղատների մասի՞ն է, խոսնակն ասաց, որ չգիտի, ուսումնասիրությունից հետո նոր պարզ կլինի։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից էլ հրաժարվեցին որևէ հարցի բանավոր պատասխանել՝ հորդորելով գրավոր հրացում ուղարկել։

«Դրանք շատ խիստ մասնագիտական բաներ են, և միայն պետք է պատասխանի մեր համապատասխան ստորաբաժանման մասնագետը: Պետք է հասկանանք՝ նույնիսկ ո՞ր մասնագետը պետք է պատասխանի»,- ասացին տեսչականից։

ՀՀ օրենսդրությամբ պաշտոնական «գիշերային հարկ» գոյություն չունի: Եթե նունիսկ տնտեսվարը որոշում է թանկացնել ապրանքը, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը պահանջում է այդ մասին իրազաեկել սպառողին և արգելում թերի տեղեկատվության տրամադրումը։

Եթե դեղատունը գին է փոխում, նա պարտավոր է դրա մասին տեսանելի ծանուցել, որպեսզի քաղաքացին կարողանա պլանավորել իր գնումները, այլ ոչ թե ֆորսմաժորային իրավիճակում (երբ գիշերը երեխայի տակդիրը կամ տատիկի ճնշման դեղն է վերջացել) կանգնի փաստի առաջ: Իսկ առանց գնապիտակների աշխատելը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի կոպիտ խախտում է:

Տեղեկացնենք, որ Oragir.News-ը հարցում է ուղարկել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ մասնավորապես խնդրելով պարզաբանել, թե ինչ վերահսկողություն է իրականացնում տեսչական մարմինը դեղատներում պարտադիր գնապիտակների առկայության նկատմամբ, և արդյոք ապրանքի վրա գնապիտակի բացակայությունը խախտում չէ։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ