Ներքին 3 շաբաթ առաջ - 10:21 31-07-2026

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է AM իրավաբանական ընկերությունը։

«2025 թվականի հունիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին անվանել էր կաշառակեր։ Վարչապետը, մասնավորապես, նշել էր.

«Մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք․ օրինակ՝ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր ա, և դա արձանագրված ա դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել ա իրա դեմ կաշառքի գործը ասել ա՝ վաղեմության ժամկետ կիրառեք․ դա տեղի ա ունենում էն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում ա, որ ինքը կաշառակեր ա»։

Նշված գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը։

Գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավունքների դատական պաշտպանությունն իրականացրել է AM իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանը։

Դատարանը վճռով հաստատել է AM իրավաբանական ընկերության փաստաբանի կողմից ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ նախադեպերի հիման վրա ներկայացված այն փաստարկը, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննված քրեական գործի շրջանակներում, վերջինիս միջնորդությամբ ոչ ռեաբիլիտացնող, այն է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցման պայմաններում, արված արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է։

Մասնավորապես, դատարանը արձանագրել է.
«Դատարանի գնահատմամբ Պատասխանողի հնչեցրած «կաշառակեր» արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է, որը բխում է վկայակոչված դատական ակտից և նշված քրեական գործի շրջանակում Հայցվորի վարքագծից: Նման հետևության համար Դատարանը հիմք է ընդունում ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները»։

Արդյունքում, դատարանը եկել է այն եզրահանգման, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցներ, որոնք հնարավորություն կտային դատարանին եզրահանգում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանված հիմքերի գոյության վերաբերյալ, ուստի ներկայացված պահանջը ենթակա է մերժման»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ