Ներքին 2 ամիս առաջ - 21:38 30-07-2026

Սա հերթական քաղաքական պատվերն է. «Միասնության Թևերի» հայտարարությունը Դրմեյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Միասնության Թևեր» կուսակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ կառավարության ղեկավարի՝ մեր կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ հրապարակային մեղադրանքները և իրավապահ մարմիններին ուղղված բացահայտ քաղաքական հրահանգը։

Կառավարության նիստից հետո վարչապետը, հերթական անգամ դուրս գալով իր սահմանադրական լիազորությունների շրջանակից, զրպարտել է մեր գործընկերոջը, նրան վերագրել մասնավոր շահերի սպասարկում, տեղեկությունների փոխանցում և ենթադրյալ այլ հակաիրավական գործողություններ, ապա իրավապահ մարմիններին փաստացի հրամայել է ստուգել նրա բանկային հաշիվներն ու ունեցվածքը։

Սա կառավարության ղեկավարին բնորոշ՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հրապարակային հերթական քաղաքական պատվերն է։

Առանձնապես վտանգավոր է, որ Փաշինյանն իր առաջադրած մեղադրանքները բացահայտորեն շաղկապել է Լիպարիտ Դրմեյանի՝ «Միասնության Թևեր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելու և ընդդիմադիր քաղաքական գործունեության հետ։ Դրանով իշխանության ղեկավարը բաց տեքստով հաղորդել է, որ անձի քաղաքական ընտրությունը կարող է նրա նկատմամբ իրավապահ համակարգի գործադրման հիմք դառնալ։

Իրավական պետությունում կառավարության դիրքորոշմանը հակասող փաստաթուղթ կազմելը, վարչապետի ցանկալի եզրակացությունը չարձանագրելը կամ մասնագիտական այլ տեսակետ ներկայացնելը հանցագործություն չէ։ Պետական ծառայողը պարտավոր է ծառայել օրենքին և պետությանը, ոչ թե որևէ պաշտոնատար անձի քաղաքական կամքին։

Զարմանալի չէ, որ Գլխավոր դատախազությունը գրեթե անմիջապես ընթացք տվեց Փաշինյանի հայտարարությանը։ Նման օպերատիվ արձագանքն առնվազն հիմնավոր ենթադրություն է առաջացնում, որ այս գործողությունը նախապես ծրագրված և համաձայնեցված էր, ինչն էլ խորացնում է կասկածը, որ գործ ունենք ոչ թե անկախ քննության, այլ քաղաքական պատվերի կատարման հետ։

Փաշինյանի այս վարքագիծը պետական ինստիտուտների ապականման, իրավապահ մարմինների քաղաքական գործիքավորման և ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարի քաղաքականության հերթական դրսևորումն է։ Սա նաև ուղիղ ազդակ է պետական համակարգի բոլոր մասնագետներին՝ կառավարության ղեկավարի կամքին չհամապատասխանող մասնագիտական դիրքորոշումը կարող է հետագայում ներկայացվել որպես հանցագործություն։

«Միասնության Թևեր» կուսակցությունը պահանջում է Գլխավոր դատախազությունից և իրավապահ բոլոր մարմիններից գործել բացառապես օրենքով, չկատարել քաղաքական հրահանգներ և հրապարակայնորեն ներկայացնել, թե կոնկրետ ինչ փաստական և իրավական հիմքով է ընթացք տրվել Փաշինյանի հայտարարությանը։

Պահանջում ենք ապահովել մեր գործընկերոջ՝ Լիպարիտ Դրմեյանի բոլոր իրավունքները, բացառել նրա նկատմամբ որևէ ապօրինի ճնշում, գաղտնի կամ հրապարակային հետապնդում և կանխել իշխանության ղեկավարի հայտարարությունների ազդեցությունը վարույթի ընթացքի վրա։

Նիկոլ Փաշինյանը քաղաքական և անձնական պատասխանատվություն է կրում այս հրապարակային հաշվեհարդարի պատվերի, անմեղության կանխավարկածի ոտնահարման և իրավապահ մարմիններին հրահանգավորելու համար։

Հայտարարում ենք, որ Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ցանկացած գործողություն դիտարկելու ենք Փաշինյանի այս հրապարակային մեղադրանքի և քաղաքական հրահանգի համատեքստում։ Կուսակցությունը կօգտագործի բոլոր ներպետական և միջազգային իրավական ու քաղաքական մեխանիզմները՝ Լիպարիտ Դրմեյանի իրավունքները պաշտպանելու և քաղաքական հետապնդման յուրաքանչյուր փորձ կանխելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում