Ներքին Խոսք Տեսանյութ 2 ամիս առաջ - 13:36 30-07-2026

Պահեստամասեր են փչացել․ որևէ լուրջ ներդրող Հայաստան չի գա․ «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն

«Եվրոմոթորս» ընկերության գլխավոր տնօրեն Աբրահամ Կարագյոզյանը կառավարության շենքի մոտ հավաքված աշխատակիցների հետ պահանջում էր հնարավորինս արագ վերաբացել «Օլիմպավանը» և Ծառուկյանին պատկանող փակված ընկերությունները՝ հայտարարելով, որ հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի։

Նրա խոսքով՝ իրենք հավաքվել են պաշտպանելու իրենց աշխատանքային իրավունքներն ու աջակցություն հայտնելու Գագիկ Ծառուկյանին։ «Մենք եկել ենք մեր արդար իրավունքները պահանջելու։ Եթե հնարավոր լիներ՝ կուզեինք, որ «Օլիմպավանը» վերաբացվեր հենց այսօր, իսկ ավելի լավ կլիներ՝ երեկ։ Մենք նաև եկել ենք մեր աջակցությունը հայտնելու պարոն Ծառուկյանին և ասելու, որ մինչև վերջ նրա կողքին ենք։ Հավատում ենք, որ վաղ թե ուշ արդարությունը պետք է վերականգնվի»,– ասաց նա։

Կարագյոզյանի խոսքով՝ փակման հետևանքով ընկերությունները լուրջ ֆինանսական վնասներ են կրել։ «Մեզ մոտ, օրինակ, երեկ պարզվեց, որ ջրի խողովակ է վնասվել, ինչի հետևանքով պահեստամասեր են փչացել։ Սրանք այն վնասներն են, որոնք առաջացել են միայն այն պատճառով, որ կազմակերպությունը փակ է»,– նշեց նա։

Նրա խոսքով՝ ընկերությունները փակ են արդեն հուլիսի 7-ից, մինչդեռ սկզբում իրենց վստահեցրել են, թե աշխատանքը կվերսկսվի 10 օր անց։ «Ամեն օր ասում էին՝ տասը օրից կբացվի, բայց արդեն ավելի քան երեք շաբաթ է անցել, և որևէ առաջընթաց չկա։ Իրավական հիմք էլ չկա։ Շինծու մեղադրանքներով եկել են, առգրավել են մեր սերվերներն ու համակարգիչները և փաստացի կաթվածահար արել մեր աշխատանքը»,– ասաց Կարագյոզյանը։

Նա ընդգծեց, որ «Եվրոմոթորսը» միջազգային ճանաչված ավտոբրենդների՝ BMW Mini-ի և Rolls-Royce-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, և ստեղծված իրավիճակը վնասում է նաև երկրի հեղինակությանը։ «Մենք BMW Mini-ի և Rolls-Royce-ի ներկայացուցիչն ենք Հայաստանում։ Այս ամենը վնասում է ոչ միայն մեզ, այլև Հայաստանի հեղինակությանը։ Արտասահմանյան գործընկերները պարզապես չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է մեկ օրում փակվել շուրջ 70 կազմակերպություն և առանց աշխատանքի մնալ 7-10 հազար մարդ»,– ասաց նա։

Անդրադառնալով ներդրումային միջավայրին՝ Կարագյոզյանը կարծիք հայտնեց, որ նման իրավիճակներում միջազգային ներդրողները չեն ցանկանա ներդրումներ կատարել Հայաստանում։ «Այս պայմաններում որևէ լուրջ ներդրող Հայաստան չի գա։ Մեր գործընկերներին ուղարկում ենք հրապարակումները, նրանք պարզապես չեն հավատում, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Երբ իշխանությունն օգտագործվում է անձնական հաշվեհարդարի համար, ներդրումային միջավայրը պարզապես քանդվում է»,– նշեց նա։

Կարագյոզյանը նաև ասաց, որ հավաքի մասնակիցներին տեղեկացրել են՝ հնարավոր է կառավարության ներկայացուցիչներն ընդունեն իրենց, սակայն ինքը մեծ ակնկալիքներ չունի։ «Ասել են՝ գուցե մեզ ընդունեն 15 րոպեով։ Անկեղծ ասած՝ չեմ հավատում, որ այդ հանդիպումը որևէ բան կփոխի, բայց եկել ենք մեր ձայնը բարձրացնելու և մեր իրավունքները պաշտպանելու»,– եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը