Ներքին 1 ամիս առաջ - 19:07 15-07-2026

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ տուժողի, այլ ոչ թե մեղադրյալի կարգավիճակով. փաստաբան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ տուժողի, այլ ոչ թե մեղադրյալի դատավարական կարգավիճակով։ Այս մասին գրել է նրա պաշտպաններից Էմին Խաչատրյանը։

Նա ֆեյսբուքյան պաշտոնական էջում փաստաթղթեր է հրապարակել՝ շեշտելով, որ դրանք ապացուցում են իր պնդումը։

«Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն.

Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ, ձեռք է բերել սույն քրեական վարույթի համար բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք, պաշտպանության կողմի գնահատմամբ, ուղղակիորեն հակասում են Գագիկ Կոլյայի Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին։

Մասնավորապես, 2026 թվականի փետրվարի 14-ին «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերությունը Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններին ներկայացրել է բողոք Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի և Համլետ Թումանյանի դեմ՝ խարդախության, գույքն ապօրինի եղանակով կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Բողոքին կից ներկայացվել են այն հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր և ապացույցներ։

Այնուհետև, 2026 թվականի մայիսի 31-ին «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերությունը Իրանի իրավասու մարմիններին ներկայացրել է ևս մեկ բողոք՝ արդեն Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի, Համլետ Թումանյանի և Հաջիալի Օլամայի դեմ՝ խարդախության, գույքն ապօրինի եղանակով կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման, այլ անձի գույքի յուրացման նպատակով հանցավոր համաձայնության, փողերի լվացման, ինչպես նաև կեղծ պաշտոնական տիտղոսի ու պաշտոնի յուրացման վերաբերյալ։ Այս բողոքին նույնպես կից ներկայացվել են այն հիմնավորող մեծածավալ փաստաթղթեր և ապացույցներ։

Հատկանշական է, որ երկու բողոքներում ներկայացված ապացույցների շարքում առկա են նաև տվյալներ, որոնք վերաբերում են Գագիկ Ծառուկյանի կողմից 7.500.000 ԱՄՆ դոլար, 7.000.000 եվրո և 20.000.000 ՀՀ դրամ տրամադրելու փաստական հանգամանքներին։

Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության պաշտոնական տեղեկատվական համակարգից ստացված տվյալների համաձայն՝ նշված երկու բողոքների հիման վրա նախաձեռնված վարույթներն ընդունվել են վարույթ և ստացել են օրինական դատավարական ընթացք։ Ավելին, բողոքներ վարույթ ընդունվելուց հետո օրենքով սահմանված կարգով հանձնվել են նաև պատասխանողներին, ինչը ևս վկայում է, որ Իրանի իրավասու մարմինները ներկայացված փաստերը դիտարկել են որպես քրեական իրավական գնահատման ենթակա և արժանի պաշտոնական քննության։

Ներկայացված փաստաթղթերով ևս մեկ անգամ հիմնավորվում է պաշտպանության կողմի պնդումն առ այն, որ Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով:

Այս հանգամանքն առանձնակի կարևոր նշանակություն ունի, քանի որ այն ակնհայտ հակասում է ՀՀ վարույթն իրականացնող մարմնի առաջ քաշած վարկածին, ըստ որի՝ Գագիկ Կոլյայի Ծառուկյանը ներկայացվում է, թե իբրև գործել է Համլետ Թումանյանի հետ խմբի կազմում, իսկ Արման և Էրֆան Օլամայիները ներկայացվում են որպես տուժողներ։ Մինչդեռ Իրանի իրավասու մարմիններին ներկայացված պաշտոնական բողոքներն ու դրանց հիման վրա նախաձեռնված վարույթները վկայում են ճիշտ հակառակի մասին։

Հրապարակվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից ստացված պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները և դրանց պաշտոնական հայերեն թարգմանությունները, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա անձամբ ծանոթանալու դրանց բովանդակությանը, գնահատելու ներկայացված փաստերը և ինքնուրույն եզրակացություններ անել։

Պաշտպանության կողմի ստորև ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն և չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը:

Հ.Գ. Նմանատիպ կարևորագույն փաստաթղթերի հրապարակումը կլինի շարունակական»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ