Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 21:54 08-07-2026

Վիզաների ազատականացման գործընթացը՝ որակական բարեփոխումների կարևոր մաս․ տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայնել են ՀՀ ՆԳՆ-ից:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում արձանագրված առաջընթացն ու Գործողությունների ծրագրով նախատեսված հենանիշերի կատարման ընթացքը։

Արփինե Սարգսյանը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող, նշել է, որ վիզաների ազատականացման երկխոսությունը ներկայումս գտնվում է ակտիվ փուլում։

Նա նաև ընդգծել է, որ գործընթացի շրջանակում Եվրոպական միության կողմից Հայաստանի համար մշակվել է գործողությունների լայնածավալ ծրագիր, որն ընդգրկում է չորս հիմնական ուղղություններ՝ փաստաթղթերի անվտանգություն և կենսաչափական համակարգերի ամրապնդում, սահմանների համալիր կառավարում, միգրացիայի և ապաստանի ոլորտներ, հասարակական կարգի և անվտանգության ապահովում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանություն։

Նախարար Սարգսյանի խոսքով՝ Եվրոպական Հանձնաժողովը բարձր է գնահատել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման Հայաստանի առաջընթացը և ընդգծել, որ առաջընթացի զեկույցում առաջանցիկ տեմպեր են արձանագրվել կենսաչափական համակարգի, սահմանների կառավարման, միգրացիայի և ապաստանի հարցերում։

Նախարարը շեշտել է, որ վիզաների ազատականացման գործընթացը պետք է դիտարկել ոչ միայն որպես առանց վիզայի տեղաշարժի հնարավորություն, այլև որպես պետական կառավարման համակարգի որակական բարեփոխումների կարևոր գործիք։ Նրա խոսքով՝ Գործողությունների ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին և ենթադրում է համակարգային փոփոխությունների իրականացում։

Արփինե Սարգսյանը կարևորել է հատկապես կենսաչափական համակարգերի ներդրման ուղղությամբ արդեն իսկ արձանագրված զգալի առաջընթացը և ընդգծել, որ նախատեսվում է, որ համակարգը Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի 2026 թվականի աշնանը։

Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է ոչ միայն սահմանված պահանջների կատարումը, այլև դրանց իրական և որակական ապահովումը՝ հաշվի առնելով, որ Եվրոպական միության գնահատականները հիմնված են օբյեկտիվ չափանիշների վրա։
Նախարարը նշել է, որ աշխատանքները շարունակվում են բոլոր ուղղություններով՝ նպատակ ունենալով լիարժեք կատարել ստանձնած պարտավորությունները և ապահովել առաջընթաց ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում։

Ծավալվել է ակտիվ քննարկում, որի շրջանակում հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում