Ուղիղ եթեր
Մշակույթ 1 ամիս առաջ - 19:32 03-07-2026

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը կանցկացվի հուլիսի 13-19-ը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ որպես կինոյի ոլորտի բյուջետային ծրագիր՝ արդեն 23-րդ անգամ կանցկացվի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Այս տարի 90 երկրից շուրջ 600 հայտ է ներկայացվել, որոնցից փառատոնային ծրագրում ընգրկվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։
Փառատոնը կանցկացվի հուլիսի 13-19-ը. ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը, «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում։ Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

Փառատոնին ընդառաջ Կինոյի տանը տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի, փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի և միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանի մասնակցությամբ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնավարման նորամուտին մասնակիցը լինել «Ոսկե ծիրան» փառատոնի ասուլիսին․

«Երկար տարիներ իմ բոլոր ընկերները, գործընկերները, սփյուռքի գործընկերներն իրենց հունիս-հուլիս ամիսները պլանավորելիս հետաքրքրվում են, թե երբ է անցկացվելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Սա նշանակում է, որ մարդիկ սկսել են իրենց հանգիստը պլանավորել՝ նաև առաջնահերթություն տալով և օրացույցում ունենալով մշակութային այս գեղեցիկ ու կարևոր իրադարձությունը՝ «Ոսկե ծիրան» փառատոնը»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին և փառատոնի հիմնադիրներին, նշել է, որ հանդիսատեսի համար փառատոնը սկսվում և ավարտվում է օրացույցի որոշակի օրերին՝ որպես ֆիլմեր վայելելու մեկ շաբաթ․ «Մինչդեռ փառատոնի թիմի համար այդ օրերը սկսվել են 23 տարի առաջ և շարունակվում են մինչև այսօր: Յուրաքանչյուր տարվա փառատոնից հետո նրանք նախապատրաստվում են հաջորդ փառատոնին, և այս աշխատանքն ու ջանքերն անգնահատելի են, ինչի արդյունքում «Ոսկե ծիրանը» աշխարհի լավագույն կինոփառատոներից մեկն է»:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հատկապես կարևորել է «Ոսկե ծիրան» փառատոնի՝ միջազգային ասպարեզում վարկանիշի նշանակալի բարձրացումը, ինչը, ըստ նրա, պայմանավորում է նաև որպես գլխավոր հովանավոր՝ զգալի ավելացնել ֆինանսավորումը։

Նշվել է, որ «Ոսկե ծիրան» փառատոնը վարկանիշավորվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից՝ ընդգրկվելով թոփ 50 փառատոների մեջ։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր փառատոնի սկզբից հավատացել են դրա կայացմանն ու եղել են գաղափարի կողքին. «Մենք սկսեցինք փառատոնը, որ կինո ունենանք, և այսօր կինոոլորտի աշխուժությունը վկայում է, որ ճիշտ ուղղության վրա ենք»:
Փառատոնի ծրագիրը համառոտ ներկայացրել է տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը՝ ընդգծելով, որ «Ոսկե ծիրանի» փառատոնն ունի տարածաշրջանային և միջազգային ազդեցություն, ինչը կարևոր ձեռքբերում է: Այս համատեքստում նա անդրադարձել է Կաննի կինոփառատոնի հետ համագործակցությանը։

Այս տարի այդ համագործակցության շրջանակում համատեղ արտարդրության չորս կարճամետրաժ ֆիլմ է ստեղծվելու՝ հայ և եվրոպացի ռեժիսորների համահեղինակությամբ:

Կարեն Ավետիսյանի տեղեկացմամբ՝ փառատոնի բացումը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ հայ-ֆրանսիական համատեղ արտադրության Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությամբ: Փառատոնի «Միջազգային ժյուրիի» նախագահը ժամանակակից ավստրիական կինոյի առաջատար դեմքերից է՝ Ջեսիկա Հաուսները: Նրա ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում և Վենետիկում՝ արժանանալով լայն ճանաչման ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար: Մահմուդ Քալարին, որն իրանական կինոյի հայտնի օպերատորներից է, կգլխավորի «Տարածաշրջանային մրցույթի» ժյուրին։
Փառատոնի այս տարվա պատվավոր հյուրն է ֆրանսահայ նշանավոր դերասան Սիմոն Աբգարյանը։

«Մենք ունենք նաև հռչակավոր պատվո հյուր. աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկին է՝ Օսկարի և բազմաթիվ կինոփառատոնների դափնեկիր: Երևանյան հանդիսատեսին կներկայացվի նրա «Fatherland» նոր ֆիլմը», – ասել է Կարեն Ավետիսյանը:

Միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ կինոփառատոնն այս տարի ևս կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոներից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը և այլ առաջատար կինոհարթակներ։

Փառատոնի գլխավոր պաստառն այս տարի նվիրված է պոեզիային․ գլխավոր պաստառի հեղինակը հայտնի նկարիչ և դիզայներ Իգոր Գուրովիչն է։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ