Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 09:00 24-06-2026

Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՀՀ վարչապետի աշխատակազմը փորձել է պետական բյուջեի միջոցներով անվտանգության ծառայություն գնել Երևանի Աբովյան փողոցի 9-րդ շենքի համար, որտեղ, ըստ ընտրողների պաշտոնական ռեգիստրի, բնակվում են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանն ու նրա կինը՝ երգչուհի Սիրուշոն (Սիրանուշ Քոչարյան)։ Այս մասին Oragir.News-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի կարիքների համար կազմակերպված ՀՀՎԱ-ԳՀԾՁԲ-26/14 ծածկագրով գնման ընթացակարգի փաստաթուղթի ուսումնասիրությունից։




Այս հասցեի պատմությունը տանում է դեպի 2004 թվական։ ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 912-Ա որոշմամբ, որը նույն թվականի հուլիսին վավերացրել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թույլատրվել է վերակառուցել Աբովյան 9 հասցեում գտնվող շենքը։

Որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետին հանձնարարվել է պայմանագիր կնքել «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի հետ՝ շենքը որպես վարչական և բնակելի նշանակության բազմահարկ համալիր վերակառուցելու վերաբերյալ։ Շինարարությունն իրականացվել է ամբողջությամբ «Մուլտի Գրուպի» միջոցների հաշվին, ինչի արդյունքում ընկերությունը սեփականության իրավունք է ձեռք բերել շենքի նկատմամբ (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող սպորտային դահլիճի և վարչական տարածքի)։



Ամենաուշագրավ և հարցեր հարուցող դրվագը հայտնվում է մերօրյա պաշտոնական փաստաթղթերում։ ՀՀ վարչապետի աշխատակազմը իր սեփական կարիքների համար կազմակերպել է ՀՀՎԱ-ԳՀԾՁԲ-26/14 ծածկագրով գնման ընթացակարգ։ Գնման առարկան է եղել՝ «Անվտանգության ապահովման ծառայություններ ք. Երևան, Աբովյան 9 հասցեում գտնվող շենքի համար»։

Թեև տվյալ մրցույթը հայտարարվել է չկայացած, քանի որ միակ մասնակից հանդիսացող «Սուր և նիզակ» ՍՊԸ-ն ներառված է եղել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող փոխկապակցված անձանց ցուցակում, փաստն ինքնին հարցեր է առաջացնում.


Ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը հանրային միջոցներով անվտանգության ծառայություն պատվիրում մի շենքի համար, որտեղ գտնվում են մասնավոր բնակարաններ, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանը։

20 տարի առաջ պետական բարձրագույն որոշումներով մասնավոր ընկերությանը պատվիրակված և հետագայում նախագահի որդու բնակավայր դարձած Աբովյան 9 շենքն այսօր կրկին հայտնվել է պետական բյուջեի թիրախում՝ այս անգամ արդեն գործող վարչապետի աշխատակազմի գնումների հայտարարություններում։

Մնում է օդում կախված գլխավոր հարցը. պետական բյուջեից իրականում որքա՞ն միջոցներ են ծախսում կամ նախատեսվում ծախսել այս հասցեի անվտանգությունն ապահովելու համար, և ամենակարևորը՝ ի՞նչ նպատակով։

Արդյո՞ք հարկատուների գումարներն ուղղվում են բացառապես շենքում պետական սեփականություն հանդիսացող տարածքի պահպանությանը, թե՞ սա քողարկված ձև է՝ պետական միջոցներով մասնավոր հասցեի և այնտեղ բնակվող քաղաքական դեմքերի անվտանգությունը հոգալու համար։

Նյութի հրապարակումից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեից Oragir.News-ին հայտնեցին, որ նշված հասցեում գործում են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները։ Շենքում անվտանգության աշխատակիցների ներկայությունը պայմանավորված է հենց այդ հանգամանքով։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին