Ներքին 3 ամիս առաջ - 11:13 18-06-2026

«Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդի պատգամը քահանաներին

Նախագահությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի՝ տեղի է ունեցել թեմի քահանայից հերթական ժողովը։

Նախքան նիստի մեկնարկը, ժողովականները միասնական աղոթք են բարձրացրել Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ հայցելով Տիրոջ օրհնությունը մեր հայրենիքին և բարեպաշտ ժողովրդին։ Այնուհետև եկեղեցու հովվատանը սկսվել է աշխատանքային նիստը, որի բացմանը թեմակալ առաջնորդը դիմել է ներկաներին՝ մասնավորապես նշելով.

«Մենք Աստծու գործակիցներն ենք» (Ա Կորնթ. Գ 9)։

«Սիրելի՛ քահանա հայրեր, մեզանից յուրաքանչյուրն ունի իրեն վստահված եկեղեցական համայնքը, սակայն բոլորս միասին ծառայում ենք մեկ Տիրոջ, մեկ Եկեղեցու և մեկ առաքելության։ Մեր ծառայության պտուղը Աստծո խոսքի տարածումն է, մեր ժողովրդի հոգևոր՝ մարդկային, ազգային, քաղաքացիական նկարագրի կերտումն է և թեմի միասնական զորացումը։
Գոհություն եմ հայտնում Աստծուն ձեզանից յուրաքանչյուրի համար՝ հիշելով ձեզ իմ աղոթքներում և ուրախանալով այն սիրո ու նվիրումի համար, որ դրսևորեցիք եպիսկոպոսական ձեռնադրության և ուխտի Սուրբ Պատարագի օրերին։ Ոչ միայն տեսա, այլև զգացի ձեր եղբայրական ջերմությունը, ձեր հավատարմությունը Սուրբ Եկեղեցուն և ձեր հոգածությունը Մասյացոտնի թեմի հանդեպ։

Համոզվեցի, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ծառայությունը չի սահմանափակում միայն իրեն վստահված հովվությամբ, այլ սրտացավ մասնակցություն է բերում նաև մեր թեմի ընդհանուր կյանքին, միասնությանն ու առաքելությանը։

Գոհություն Տիրոջը, որ այսպիսի համագործակիցներ և ծառայակից եղբայրներ է պարգևել ինձ, որպեսզի «միասիրտ և միակամ» շարունակենք մշակել Տիրոջ այգին միասնական ոգով, պատասխանատվությամբ և կարգապահությամբ․ «Հոգ տարե՛ք Աստծո հոտին, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծո կամքի» (Ա Պետր․ Ե 2), – պատգամում է մեզ Սուրբ Պետրոս առաքյալը։

Սիրելի՛ քահանա հայրեր,

Եղբայրական մեր այս ժողովը կոչված է լինելու ոչ միայն կարծիքների փոխանակման, այլև Սուրբ Հոգու ներգործությամբ ճշմարտության համատեղ որոնման և թեմական կյանքի զորացման առիթ։ Ուստի աղոթական սիրով և հայրական վստահությամբ հորդորում եմ, որպեսզի յուրաքանչյուրս հանդես գանք առավելագույն անկեղծությամբ, հոգևոր համարձակությամբ և եկեղեցաբանական պատասխանատվությամբ՝ «խոսելով ճշմարտապես, սիրով» (Եփես. Դ 15), ոչ թե մարդկային հաճոյախոսությամբ, այլ Քրիստոսի Եկեղեցու շինության մտահոգությամբ։

Մեր խոսքը թող լինի ազատ, բայց հնազանդ Եկեղեցու ավանդությանը, համարձակ, բայց եղբայրասիրությամբ լեցուն, քննադատական, բայց երբեք պառակտիչ։ Ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է հորդորում. «Հետամուտ լինենք խաղաղության և աշխատենք միմյանց հավատն ամրապնդել» (Հռ. ԺԴ 19)։ Մեր առջև ծառացած թեմական խնդիրները պահանջում են ոչ թե լռություն կամ շրջանցում, այլ իմաստուն քննարկում, փոխադարձ ունկնդրում և համատեղ պատասխանատվություն, որպեսզի մեր խորհրդակցությունները և որոշումների կայացումը պտղաբեր լինեն, և մեր թեմական ընտանիքը, պատասխանատու ծառայության շնորհիվ, առավել զորանա՝ ի փառս Աստծո և ի շինություն Հայոց Սուրբ Եկեղեցու»։

Առաջնորդ Սրբազանի խոսքից հետո ներկայացվել է ժողովի օրակարգը, որն ընդգրկում էր թեմի ծիսական, վարչական և քարոզչական կյանքին առնչվող զանազան հարցեր ու ծրագրեր։

Ժողովականները ծավալել են արդյունավետ քննարկումներ, ինչպես նաև լսե։ Սրբազան հոր առաջարկներն ու հանձնարարականները՝ հաստատված ծրագրերի ընթացքի և հետագա անելիքների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա

Ձեզ գուցե հետաքրքրի