Ներքին 2 ամիս առաջ - 17:35 05-06-2026

Նախընտրական ցուցադրություն, բայց ոչ հաշվետվություն․ բազմաթիվ հարցեր բաց են մնում

Նախընտրական ռազմաքաղաքական ակցիա․ «Մենք ենք, մեր սարերը՝ վերելք» կարգախոսով RISE Powered by Silicon Mountains 2026 ցուցահանդեսին երեկ և այսօր ինժեներները, զինվորականները, լրագրողներն ու ուղղակի հետաքրքրասերները դիտեցին պաշտպանական արդյունաբերության նորարարական նմուշներ, հայրենական գիտական մտքից ծնված սարքեր ու ծրագրեր։ Զրահամեքենաները, հակաօդային պաշտպանության միջոցները, անօդաչու թռչող սարքերը մոտից դիտելն, իհարկե, ոգևորիչ էր, սակայն փորձենք տեսնել, թե ինչ կա այս նախընտրական դեղնականաչ ցուցափեղկի հետևում։

Հայտարարված էր, որ RISE ցուցահանդեսին ներկայացված նմուշների մեջ լինելու են այնպիսիք, որոնք չեն ցուցադրվել մայիսի 28-ի զորահանդեսին։ Այդպիսիք, իրականում, կային, սակայն որոշ հրաձգային, ծրագրային կամ ԱԹՍ լուծումների հեղինակների կամ ընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ պարզվում էր, որ նրանք կա՛մ դեռ չեն համագործակցում պետական գերատեսչությունների հետ, դեռ չեն ստացել պատվերներ, կա՛մ դեռ չեն անցել փորձարկումների փուլը, այսինքն՝ գուցե ունեն տեխնիկական մանր ու մեծ խնդիրներ։ Այնպես որ, որպես պատրաստի արտադրանք ներկայացված այս նմուշների մի մասը դեռ որակավորված չէ՝ որպես գործող սարք։

Բայց թե այդ սարքերից՝ նախատիպներից քանիսն են գործուն սարքեր, քանիսը՝ ոչ, չենք կարող իմանալ, քանի որ ցուցահանդեսին ներկայացված նմուշների գրքույկ, դրանց ցանկն ու մարտավարատեխնիկական բնութագրերը ներկայացնող տեղեկատվական թերթիկները չկային։ Արտադրողներից կամ գիտնականներից ոմանք իրենց սարքերի կամ ծրագրային լուծումների մասին պատրաստել էին տեղեկատվություն (տեսանյութեր, լուսանկարներով ու նշումներով թերթիկներ՝ ամենքն իրենց ճաշակով), սակայն ամփոփ, համակարգված պատկեր ունենալ հնարավոր չէր։

Արդյունքում, իրական հաշվարկ կատարել, թե ռազմարդյունաբերության ոլորտում այս իշխանության կողմից ինչ ծավալի գործ է արվել, ինչ պատվերների, քանի ընկերության, քանի արտադրատեսակի մասին է խոսքը, հնարավոր չէ։ Իսկ «հաշվետվության» (հիշում եք, չէ՞, զենքի այս ցուցադրությունը Փաշինյանն անվանել է հաշվետվություն) հիմքը հաշվարկն է․ եթե մենք միայն գիտենք, որ կան նման մետաղե ազդու կադրեր, բայց չգիտենք պատասխանները շատ կարևոր հարցերի՝ այս նմուշներից ու նախանմուշներից քանի՞սն է իրապես պատրաստ մարտի դուրս բերվել, ի՞նչ արժե մեկ միավորը և այլն, որևէ հաշվարկի ու հաշվետվության մասին խոսք լինել չի կարող։ Ի դեպ, այն տվյալները, որոնք թվարկեցի, չեն կարող լինել ռազմական գաղտնիք․ արտադրողները, սովորաբար, ՄՏԲ-ներն էլ, գներն էլ նշում են իրենց պաշտոնական էջերում (հետո արդեն առկա գնի հիմքի վրա էլ արվում են սակարկումները)։ Այդ բոլոր տվյալներն առավելագույնս մատչելի ներկայացված են լինում մանավանդ երբ նախատեսում են դրանք արտահանել, իսկ, հիշենք, մերոնք պարբերաբար հայտարարում են, թե առաջնահերթորեն խրախուսելու են ռազմական արդյունաբերության արտահանումը։

Այսպիսով, մեծ սիրով կտարփողեի հայրենական սպառազինության արտադրության նվաճումները, եթե դրանք չթողնեին անպատասխան բազմաթիվ հիմնական հարցեր։ Այս բաց հարցերի պարագայում արևի տակ շողացող ռազմական մեքենաների ֆոնին մնում է մի անորոշ դառնահամ՝ մեր երկրին սպառնացող վտանգի դեպքում կունենա՞նք մենք այս ամենից բավարար քանակությամբ ու ճիշտ տեղերում, կգտնվե՞ն արդյոք դրանք կիրառելուն հմուտ մասնագետներ և, ամենակարևորը, կտրվե՞ն արդյոք դրանք ճիշտ ուղղությամբ կիրառելու հրամաններ, թե՞ կրկին մարտի կտարվենք կոտորվելու, որ վարչապետին չասեն «դավաճան», իսկ դավադրաբար չկոտորվածների երեսին կշպրտվի «համբա՛լ, դու ինչի՞ ես կենդանի մնացել»-ը։

Իսկ տեխնիկան, իրականում, տպավորիչ է՝ ամուր, զորեղ, սլացիկ տեսք ունի, տեսահոլովակներում ճշգրիտ խոցումներ է անում։ Կեցցեն հայ ինժեներները։

Մարտիկ Մինասյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան