Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 ամիս առաջ - 16:30 15-05-2026

Փաշինյանը կարող է խոստովանել և ներում հայցել Աստծուց Արցախի համար

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ասում են, թե ԱԺ այս ընտրություններում առաջին անգամ Արցախի հարցն առանցքային չէ։ Նախորդ ընտրություններում և՛ ժողովուրդը, և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն առաջին հերթին հաշվի էին առնում, թե ի՞նչ մոտեցում ունի հաղթելու շանս ունեցող թեկնածուն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ, և այդ մոտեցումն ինչքա՞ն է համընկնում իրենց ծրագրերի հետ։

Ներկայումս իշխանության ձևավորման հարցում առաջին պլանում Արցախի հարցը չէ, քանի որ Արցախը զավթված է, Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, Արցախից հայերը բռնի տեղահանվել են, ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ լուծարվել է։ Սակայն Արցախի մասին հարցերը կրկին տեղ են գտնում և՛ թեկնածուների, և՛ նրանցից ակնկալիքներ ունեցող կամ պատվիրաններ փոխանցող քաղաքացիների խոսույթում։

Օրինակ՝ մայիսի 12-ի Շենգավիթի միջադեպը, երբ քաղաքացին խոսք բացեց Արցախի, պարտության, հազարավոր զոհերի պատասխանատվության մասին, Նիկոլ Փաշինյանը խիստ նյարդայնացավ։ Մայիսի 14-ին արցախցի մի կին Փաշինյանին հանդիմանեց Արցախը հանձնելու համար։

«Մեկ է՝ Հայաստանն էլ ես ծախում, Սյունիքը ծախել ես, Վարդենիսի վերևը թուրքեր են։ Հիմա խնդրում եմ ուղղակի ասեք՝ արդեն Արցախը հանձնել եք, հիմա ո՞ր մասերն եք հանձնելու, ինձ դա է հետաքրքիր, որ չգնամ, այդտեղ բնակվեմ»,- նշել էր կինը։ Այս պարագայում Փաշինյանը կոպիտ բառեր չասաց արցախցի կնոջը, սակայն նրա թիմակիցները սկսեցին վանկարկել «Նիկոլ վարչապետ»՝ այսպիսով փորձելով լռեցնել քաղաքացուն։

Նրանք, ովքեր հիշում են այս ամենն ու գլխավոր պատասխանատուին, հավանաբար, ՔՊ-ին ձայն չեն տա հունիսի 7-ին։ Ինչքան շատ մարդ հիշի այս ամենը, այնքան քիչ ձայն կստանա ՔՊ-ն։

Այս տրամաբանությունը հաշվի առնելով՝ ընդդիմադիր որոշ միավորներ վերջին օրերին փոխել են խոսույթն ու հաճախ են անդրադառնում Արցախի հարցին։ Սակայն Արցախի հարցն օբյեկտիվորեն չի կարող դառնալ իշխանության թիվ 1 առաջնահերթությունը, քանի որ Արցախի վերաբերյալ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն, նաև տարածաշրջանային տերությունները շատ մեծ տարաձայնություններ չունեն։ Բոլորը ողջունել են Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունները։ Չնայած ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ու որոշ եվրոպական երկրներում խոսում են հայերի՝ Արցախ վերադարձի իրավունքի և անվտանգության խնդրի մասին, սակայն այս քննարկումները քաղաքական օրակարգի առաջին հորիզոնական չեն բարձրանում։

Արդյունքում մնում է միայն այն, որ Արցախի մասին խոսույթը նյարդայնացնում է Փաշինյանին։ Այն հիշեցնում է նրա սխալ որոշումների մասին։ Տարածված կարծիք կա, թե Փաշինյանը հասկացել է իր այն սխալները, որոնք հանգեցրին ազգային մեծ ողբերգությանը։ Հետահայաց նա հասկանում է, որ կարող էր սխալ որոշումներ չընդունել, ու այս ամենը չէր լինի։ Եվ երբ լսում է «Արցախ» բառը, կրկին հիշում է իր ճակատագրական սխալներն ու նյարդայնանում։

Մեկ այլ վարկածով՝ Փաշինյանը, «Արցախ» բառը լսելիս, պատկերացնում է, որ մոտ 100 հազար արցախցիներ ՔՊ-ին ձայն չեն տալու։ Նրանք Փաշինյանին են համարում պատերազմում պարտության պատասխանատուն։ Ուստի նրան չեն ընտրի։ Արցախցիների քվեները հաստատ բաժին կհասնեն ընդդիմադիր ուժերին։

Փաշինյանն այս իրավիճակում ունի երկու ելք։

Առաջին տարբերակը՝ նա կարող է նյարդերը հանգստացնող լեգալ միջոցներ օգտագործել քարոզարշավի ժամանակ, որպեսզի չնյարդայնանա «Արցախ» բառից, չհարձակվի քաղաքացիների վրա, չսպառնա ու չվիրավորի մարդկանց, չգցի իր վարկանիշը։

Երկրորդ տարբերակում Փաշինյանը կարող է խիզախությամբ լցվել ու խոստովանել պատերազմում պարտության և հետագա պարտությունների, զիջումների, Արցախի հանձնման ու հայերի բռնի տեղահանման հարցերում իր մասնակցության, մեղսակցության չափը, սրտանց ներում հայցել Աստծուց, ժողովրդից, սգացող մայրերից։ Այս անկեղծ խոստովանությունից ու զղջումից հետո սնուցող մայրերը, ժողովրդի մի մասը գուցե կսիրեն Փաշինյանին և Արցախի մասին հարցեր չեն տա, չեն նյարդայնացնի նրան, չեն չստեղծի տպավություն, թե հունիսի 7-ին ՔՊ-ն կարող է ընդդիմություն դառնալ։

Թաթուլ Մկրտչյան Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր