Ներքին 3 ամիս առաջ - 10:16 09-05-2026

Այսօր, երբ բռնազավթված, հայաթափված է Արցախը, պարտավոր ենք հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ-ի ուղերձը

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս: Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները Երկրորդ համաշխարհային պատերազմում և արցախյան հերոսամարտում։

Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր հաղթանակը վկայությունն է ժողովուրդների համախմբյալ և միասնական պայքարի՝ ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ անարդարության և չարիքի։ Մեր ժողովուրդն իր կարևոր ավանդն է ունեցել այս հաղթության մեջ։

Տասնամյակներ շարունակ այս օրը մեզ համար նշանավորվել է նաև արցախյան գոյամարտի հաղթանակով։ Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր և հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին։

Հաղթանակի և խաղաղության օրը մեզ պետք է հիշեցնի դժվարին այդ օրերին մեր ժողովրդի դրսևորած միասնականության, քաջարի ոգու և հանուն ազգի ու հայրենիքի, հանուն խաղաղության մեր հերոսների զոհողության մասին։

Այս նվիրական օրն իր խորհրդով նաև պետք է ամրապնդի մեզանում նախանձախնդրությունն ու պարտավորությունը հոգատարություն դրսևորելու պատերազմի վետերանների, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների հանդեպ։

Աղոթում ենք Մեծ հայրենականում և արցախյան հերոսամարտում իրենց կյանքն ընծայած հայորդիների հոգիների համար, որոնց հայրենասիրությունն այսօր էլ ոգեշնչող օրինակ է սերունդների համար՝ նույն պատասխանատվությամբ ու նվիրումով ապրելու, արարելու և պայքարելու ի սեր հայրենի մեր երկրի։

Առ Բարձրյալն աղոթքով հայցում ենք աշխարհին խաղաղություն և ժողովուրդներին՝ բարօրություն: Թող Հարուցյալ Տերն Իր Աջի հովանու ներքո անվտանգ ու ապահով պահպանի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին՝ հույսով և հավատով ամուր ու սիրով՝ միասնական:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ամենեսեանս. Ամէն»,- գրված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից