Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 18:00 23-04-2026

Փաշինյանը լռության օրը կարող է գինի խմել, լրագրողների հարցերին պատասխանել՝ ոչ

Մերի Հակոբյան

Լրագրող

Հունիսի 5-7-ը Երևանի Սարյան և Թումանյան փողոցներում տեղի կունենա ավանդական գինու փառատոնը։

Ուշագրավ է, որ հունիսի 6-ը խորհրդարանական ընտրություններին նախորդող լռության օրն է, իսկ հունիսի 7-ը՝ քվերակության։ Հունիսի 6-ին ամբողջ օրը, իսկ հունիսի 7-ին մինչև ընտրատեղամասերի փակումը Հայաստանում քարոզչությունն արգելված է, ուստի, շատերի գնահատմամբ, եթե Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը նախորդ տարիների օրինակով որոշեն մասնակցել փառատոնին ու գինի խմել, ապա դրանով փաստացի կխախտեն հիշյալ արգելքը։

Oragir.News-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Սեդա Ղուկասյանից հետաքրքրվեց՝ արդյոք հունիսի 6-ի լռության օրը և հունիսի 7-ի քվեարկության օրը անցկացվելիք գինու փառատոնի ընթացքում քաղաքական գործիչների ներկայությունը կարո՞ղ է դիտարկվել որպես նախընտրական քարոզչության արգելքի խախտում։

Ղուկասյանը պարզաբանեց, որ լռության օրը չի նշանակում, որ թեկնածուները կամ պաշտոնյաները չեն կարող հայտնվել հանրային վայրերում։ «Լռությունը չի նշանակում, որ այդ մարդիկ իրավունք չունեն փողոցում քայլելու։ Դա նշանակում է, որ նրանք չեն կարող իրականացնել քարոզչություն»,- ասաց նա։

ԿԸՀ խոսնակի խոսքով՝ գինու փառատոնը որևէ առնչություն չունի ընտրական գործընթացի հետ, և դրա անցկացումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ չի համաձայնեցվում։ «Ինչո՞ւ պետք է փառատոնի անցկացումը համաձայնեցվի ԿԸՀ-ի հետ։ Մենք նման իրավասություն չունենք։ Ընտրական օրենսգիրքը մեզ հնարավորություն չի տալիս միջամտելու նման միջոցառումների կազմակերպմանը»,- ընդգծեց Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին ԿԸՀ-ն չէ՞ր կարող միջամտել, որ փառատոնը լռության և քվեարկության օրերի հետ չհամընկներ։

Միևնույն ժամանակ, նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ լրատվամիջոցների մասնակցությունը կարող է իրավիճակը փոխել։ «Եթե լրատվամիջոցները չմոտենան և հարցեր չտան, խախտում չի լինի։ Բայց եթե մոտենան, և քաղաքական գործիչները պատասխանեն, դա արդեն կարող է դիտարկվել որպես նախընտրական քարոզչության խախտում»,- ասաց նա։

Սեդա Ղուկասյանը հավելեց, որ օրենքը հստակ սահմանում է, թե որն է համարվում նախընտրական քարոզչություն լռության օրը և քվեարկության ընթացքում, և բոլոր կողմերը պետք է առաջնորդվեն այդ սահմանումներով։

Այսպիսով ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը կարող են մասնակցել գինու փառատոնին ու գինի խմել, իսկ լրագրողների հարցերին պատասխանել՝ ոչ։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին