Ներքին 5 ամիս առաջ - 15:48 17-04-2026

ՔԿԾ պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր. Մայր Աթոռ

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր:

Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում։

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածով ամրագրված է ազատազրկման վայրերում Հայոց Եկեղեցու հոգեխնամ գործունեություն ծավալելու առաքելությունը, իսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը Քրեակատարողական հիմնարկներում Հայ Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարում է որպես ազգային Եկեղեցու մենաշնորհ և օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը:

Ըստ այդմ՝ մերժելի է այն փաստը, որ Քրեակատարողական ծառայության պետը, անտեսելով իր վերադաս նախարարության և Հայոց Եկեղեցու միջև կնքված պայմանագիրը, քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայության իրականացման համար կատարել է ինքնակամ տնօրինումներ։ Մեկընդմիշտ պետք է արձանագրել, որ վերոհիշյալ օրենքների և ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված պայմանագրի համաձայն հոգեխնամ գործունեություն իրականացնող սուբյեկտը ոչ թե անհատ քահանան է, այլ՝ Հայոց Եկեղեցին:

Նման գործելակերպը կոպիտ միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին և կազմաքանդում է Եկեղեցու կանոնակարգված ու կազմակերպված հովվական ծառայությունը՝ այն դարձնելով անհատական նախաձեռնություն և վարչական կամայականություն։ Եկեղեցու դեմ շարունակվող այսօրինակ ապօրինի գործողությունները տարակույս չեն թողնում, որ իշխող քաղաքական ուժը հակաեկեղեցականությունը վերածել է պետական քաղաքականության, ինչը կործանարար է, որով և՝ խստագույնս դատապարտելի։

Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող հոգևոր ծառայությունը եղել է Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը՝ միտված ազատազրկված անձանց հոգևոր խնամքին, ապաշխարությամբ նրանց վերափոխմանը և հասարակություն արժանապատիվ վերադարձին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է ՀՀ Արդարադատության նախարարությանը հարգել օրենքն ու եկեղեցական ընկալյալ կարգը և չխոչընդոտելով Եկեղեցու առաքելությունը՝ վերականգնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում