Ներքին Արտաքին 5 ամիս առաջ - 18:48 13-04-2026

Իրանն ինքնիշխանության հարցում գործարքի չի գնա․ քաղաքագետ

Մերի Հակոբյան

Լրագրող

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ Իրանը չի գնա այնպիսի զիջումների, որոնք կվտանգեն իր ինքնիշխանությունը, իսկ Վաշինգտոնի առաջ քաշվող պահանջների զգալի մասը Թեհրանի համար ընդունելի չէ։

Oragir.News-ի հետ զրույցում Դանիելյանը, անդրադառնալով Իրանի նախագահի հայտարարությանը, թե Թեհրանը պատրաստ է «հավասարակշռված և արդար գործարքի» ԱՄՆ-ի հետ, ընդգծեց, որ խոսքը, ըստ էության, չի կարող վերաբերել ինքնիշխանության զիջմանը։

«Ի՞նչ է նշանակում զիջել․ որևէ երկիր չի կարող համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը։ Իրանը ունի իր խաղաղ միջուկային ծրագիրը զարգացնելու իրավունք, և այն դիտարկում է որպես սուվերեն իրավունք»,– նշեց նա։

Դանիելյանի խոսքով՝ այն պահանջները, որոնք պարբերաբար առաջադրվում են Իրանի նկատմամբ՝ կապված միջուկային ծրագրի կամ ռազմական կարողությունների սահմանափակման հետ, դժվար է դիտարկել որպես փոխշահավետ գործարքի հիմք։

«Այս պահին խոսքը ոչ թե զիջումների մասին է, այլ այն մասին, թե ինչ չափով են կողմերը պատրաստ միմյանց պահանջները հաշվի առնել։ Բայց եթե պահանջները դրվում են որպես պարտադրանք, ապա դա արդեն բանակցություն չէ», – ընդգծեց վերլուծաբանը։

Նրա գնահատմամբ՝ Իրանում քաղաքական համակարգը նույնպես սահմանափակումներ ունի ընտրական գործընթացների նկատմամբ. նախագահի թեկնածուների մասնակցությունը, ըստ էության, հաստատվում է Սահմանադրական խորհրդի կողմից։ Իսկ երկրի իրական ուժային և անվտանգային առանցքում առանցքային դեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը մեծ ազդեցություն ունի թե՛ ներքաղաքական, թե՛ տարածաշրջանային քաղաքականության վրա.

«Իրանի քաղաքական համակարգը փակ կառուցվածք ունի, և այնտեղ ընտրական գործընթացները ամբողջությամբ բաց դաշտում չեն ընթանում․ այդ մեխանիզմները կանխորոշում են նաև քաղաքական դաշտի սահմանները», – ասաց նա։

Միաժամանակ նա նշեց, որ նախկին շահի որդու՝ Ռեզա Փահլավիի վերադարձի կամ քաղաքական գործընթացներում ներգրավման վերաբերյալ քննարկումները ավելի շատ տեսական բնույթ ունեն, քանի որ գործող համակարգը նման զարգացումների համար գործնական հարթակ չի ապահովում։

Դանիելյանի խոսքով՝ ներկայիս փուլում կողմերի միջև իրական հավասարակշռված համաձայնության հասնելը բարդ է, քանի որ կողմերից յուրաքանչյուրն առաջ է մղում իր ռազմավարական պահանջները։

«Եթե Իրանի վրա նորից ճնշումներ կամ ռազմական գործողություններ լինեն, դժվար է պատկերացնել, որ իշխանությունը կհրաժարվի իր ներկայիս դիրքերից», – ընդգծեց նա։

Նշենք, որ ԱՄՆ նախագահի հրամանագրի համաձայն, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը ապրիլի 13-ին, արևելյան ժամանակով ժամը 10:00-ից սկսել են արգելափակել իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերը:

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում