Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 18:13 06-04-2026

Բաքվում կվիրավորվեն, եթե իմանան, որ իրենց երաշխավորը Հայաստանն է․ քաղաքագետ

Oragir.News-ի հետ զրույցում ռազմաքաղաքական փորձագետ Մհեր Հակոբյանն անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի»։

Հակոբյանի խոսքով՝ այդ հայտարարությունն առաջին հերթին քաղաքական բովանդակություն ուներ, սակայն ձևակերպվել է անհաջող։

«Ալեն Սիմոնյանը փորձեց մի միտք արտահայտել, որը, իմ ընկալմամբ, այն էր, որ խաղաղության երաշխավորը 2 կողմերն են։ Բայց թե՛ տեխնիկապես, թե՛ բովանդակային առումով միտքը, մեղմ ասած, անհաջող էր»,- նշեց նա։

Փորձագետը շեշտեց, որ նման համեմատությունը տրամաբանական չէ։

«Եթե երկու ուժեր գոյաբանական հակառակորդներ են, նրանք չեն կարող մեկը մյուսին անվտանգության երաշխավոր լինել։ Ավելին՝ եթե մեկի մոտ խնդիրներ առաջանան, մյուսը, բնականաբար, շահագրգռված է իր շահերը առաջ տանել։ Օրինակ՝ եթե պայմանական Իրանը հարձակվի Ադրբեջանի վրա, մենք չենք դառնա Ադրբեջանի անվտանգության երաշխավոր, և հակառակը՝ նույն տրամաբանությունն է գործում»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ներկայում Ադրբեջանը շարունակում է մնալ Հայաստանի համար լրջագույն սպառնալիք։

«Ռեալ միջազգային քաղաքականության պայմաններում ադրբեջանական հանրապետությունը մեզ համար շարունակում է լինել գոյաբանական սպառնալիք։ Այս պայմաններում չի կարող խոսք լինել այն մասին, որ նա կարող է մեր անվտանգության երաշխավորը լինել»,- ընդգծեց նա։

Հակոբյանի կարծիքով՝ նույնիսկ նման ձևակերպումը կարող է տարօրինակ ընկալվել նաև Ադրբեջանի կողմից։

«Եթե Բաքվում լսեն, որ Հայաստանը իրենց անվտանգության երաշխավորն է, կարծում եմ՝ իրենք էլ իրենց վիրավորված կզգան»,- նշեց փորձագետը։

Անդրադառնալով ՀՀ անվտանգության հարցերում Արևմուտքի ներգրավվածությանն ու դերին՝ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Ալեն Սիմոնյանն այս հայտարարությամբ ոչ թե արժեզրկել է Արևմուտքի դերն, այլ պարզապես անհաջող ձևակերպում արել։

«Չեմ կարծում, որ այստեղ կա արժեզրկում։ Պարզապես փորձ էր ինչ-որ տպավորիչ բան ասել, որը տեխնիկապես անհաջող ստացվեց։ Բայց ընդհանուր առմամբ հասկանալի է, որ այս փուլում մեր անվտանգության որոշակի ակնկալիքներ կապվում են Արևմուտքի հետ»,- ասաց նա։

Փորձագետն անդրադարձավ նաև ԹՐԻՓՓ-ին՝ այն համարելով անորոշ։

«Ես բազմիցս ասել եմ, որ ԹՐԻՓՓ-ը շատ անորոշ էր։ Այն մեծ աղմուկով ներկայացվեց, բայց արդեն բավական ժամանակ է անցել, և որևէ պրակտիկ արդյունք չենք տեսնում։ Նույնիսկ վարչապետն ինքն է նշել, որ դրա արդիականությունը որոշ չափով հետին պլան է անցել»,- ասաց նա։

Խոսելով անվտանգության իրական երաշխիքների մասին՝ փորձագետը բավականին կոշտ գնահատական տվեց։

«Այս պահին մեր «անվտանգության երաշխիքը» այն է, որ Ադրբեջանը պարզապես հարմար չի գտնում մեզ վրա հարձակվել։ Սա շատ ցավալի իրականություն է»,- ասաց Հակոբյանը։

Նա նաև նշեց, որ չնայած բոլոր խնդիրներին՝ Ռուսաստանը շարունակում է դիտարկվել որպես անվտանգության գործոն։

«Ռուսական կողմը, իր բոլոր մինուսներով և թերություններով հանդերձ, այս պահին շարունակում է դիտարկվել որպես անվտանգության որոշակի երաշխիք»,- հավելեց Մհեր Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, թե Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի ամենամեծ երաշխավորը`ՀՀ-ն: «Հայաստանին ու Ադրբեջանին շատ ուժեր ուզում են ներքաշել իրար մեջ պատերազմի գործողության իրականացնելու, դա ակնհայտ է:

Աշխարհում ամենուրեք խորացող պատերազմներ են, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը եկել են ու հասել մի հանգրվանի, որը պետք է ամրապնդենք: Խոսվում է երաշխավորի մասին, մեր ընդդիմադիր գործընկերները ԱԺ-ում ասում են ո՞վ է ձեր երաշխավորը, Ադրբեջա՞նը, այս խոսույթը իրենք նույնիսկ չեն հասկանում»,- նշել է ԱԺ նախագահը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր

Ձեզ գուցե հետաքրքրի