Արտաքին 6 ամիս առաջ - 11:34 02-04-2026

«Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ

«Միջազգային խաղաղության և բարօրության համար Թրամփի երթուղի» նախագծի իրականացման մասին համաձայնագրի ստորագրումը խախտել է տարածաշրջանային հավասարակշռությունը Հարավային Կովկասում։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Խնդիրն այն է, որ այդ ստորագրությունները գործարկեցին ավելի խորքային գործընթացներ։ Դրանք խախտեցին տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից՝ Թուրքմենչայի պայմանագրի կնքումից ի վեր»,- ասել է նա։

Օվերչուկը հիշեցրել է, որ այն ժամանակ Ռուսական կայսրությանն անցան Երևանի և Նախիջևանի խանությունների հողերը, և սահմանը հաստատվեց աշխարհագրական սահմանագծով՝ Արաքս գետով։ Այդ ժամանակից ի վեր դա ընդհանուր առմամբ եղել է խաղաղ սահման, ինչն ապահովվում էր երկու մեծ հարևանների պայմանավորվածություններով, հավելել է նա։

Փոխվարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին թույլ էր տալիս հավասարակշռել այնտեղ ներկա բոլոր երկրների շահերը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը։

«Ադրբեջանը տրամադրված էր կոնստրուկտիվ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն այդ պահին արդեն բանակցում էր ԵԱՏՄ-ի հետ շուկաների փոխադարձ բացման շուրջ, չէր զգում այն սպառնալիքները, որոնք բերեց ամերիկացիների հրավերը Արաքսի հյուսիսային ափ»,- նշել է նա։

«Այժմ Հայաստանում հայտարարված է, որ այս նախագիծն իրականացվելու է առանց Ռուսաստանի, Թուրքիայում արդեն սկսել են միջոցներ ծախսել դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման վրա, իսկ Մեղրիի հատվածի վերականգնման հեռանկարներն այնքան էլ ակնհայտ չեն։

Այս ամենը ճնշում է ստեղծում Հայաստանի վրա»,- նշել է Օվերչուկը։

«Ապաշրջափակման բանակցային գործընթացում Ռուսաստանին չտեսնելու ցանկությունը մեծ սխալ էր»,- հավելել է ՌԴ փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման և Ադրբեջանի հիմնական մասի ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության ստեղծման մասին։ Այս նախագիծը ստացել է «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարօրության համար» անվանումը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ