Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 21:45 31-03-2026

Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան

«Աղբահանությունը Երևանում փաստացի չի իրականացվում, և սա արդեն համակարգային խնդիր է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

Նրա խոսքով՝ մայրաքաղաքում իրականացվող աշխատանքները ձևական բնույթ են կրում․

«Աղբամանները կարող եք տեսնել օրվա տարբեր ժամերի դատարկ, բայց դա չի նշանակում, որ աղբահանություն է կատարվում։ Աղբամանը դատարկում են, սակայն կողքին կուտակված աղբը՝ շինարարական, կենցաղային կամ չորացած ճյուղեր, պարզապես անտեսվում է։ Սա մեխանիկական գործողություն է, որը չի ապահովում քաղաքի մաքրությունը»։

Աղեկյանը ընդգծում է՝ խնդիրը համակարգային է և պայմանավորված է կառավարման բացերով, քաղաքային իշխանությունը՝ ՔՊ-ի գլխավորությամբ, հետևողական չէ քաղաքում մաքրություն ապահովելու հարցում։

«Աղբահանությունը միայն աղբը տեղափոխելը չէ․ այն ներառում է նաև շինաղբի ժամանակին հեռացում, փողոցների, մայթերի ու բակերի լվացում, ինչպես նաև դեռատիզացիոն աշխատանքներ, որոնք պատշաճ չեն իրականացվում»։

Նրա խոսքով՝ դեռատիզացիան ևս իրականացվում է միայն պարտադրանքով․

«Բազմաբնակարան շենքերում աշխատանքներ կատարվում են բացառապես այն դեպքում, երբ գրություն է ուղարկվում քաղաքապետարան, և «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները, բարձրացնում են խնդիրը։ Ինքնուրույն նախաձեռնություն չկա, ինչի հետևանքով առնետները դարձել են սովորական երևույթ՝ դուրս գալով արդեն փողոցներ և բակեր»։

Խոսելով կոնկրետ վայրերի մասին՝ ավագանու անդամն առանձնացրեց Շենգավիթ վարչական շրջանը.

«Շենգավիթում աղբահանությունը սարսափելի վատ է իրականացվում։ Շիրակի, Մանանդյան, Բագրատունյաց փողոցների բակային հատվածներում և Շենգավիթ մետրոյի հարակից տարածքներում օրվա ցանկացած ժամի կարելի է տեսնել կուտակված աղբ»։

Աղեկյանը նաև անդրադարձավ աղբահանության սակագնի բարձրացմանն ու դրա քաղաքական բաղադրիչին․

«Չնայած սոցիալ-տնտեսական բարդ վիճակին՝ աղբահանության սակագինը բարձրացվեց։ Քաղաքային իշխանությունը՝ ՔՊ ավագանին, իրենց կուլիսային գործընկերների հետ, կարելի է ասել, համաձայնության գալով, թանկացրեցին ծառայությունը, սակայն դրա դիմաց քաղաքացիները չեն ստանում համապատասխան որակ»։

Նա շեշտեց, որ քաղաքացիները ոչ միայն չեն ստանում ծառայություն, այլ նաև ենթարկվում են տուգանքների․

«Սոցիալապես անապահով մարդիկ, եթե չեն հասցնում վճարել, տուգանվում են։ Ստացվում է՝ քաղաքացին վճարում է կամ տուգանվում, բայց քաղաքը մաքուր չի լինում»։

Երևանի ավագանու անդամը տեղեկացրեց, որ 2026 թվականի Երևանի բյուջեով աղբահանությանը և սանմաքրմանը հատկացվել է 6 մլդ 531 միլիոն 147 հազար դրամ։

«Եթե աղբահանությունը չի իրականացվում պատշաճ, ապա հարց է առաջանում՝ այդ գումարները որտե՞ղ են գնում։ Ես ողջամիտ կասկածներ ունեմ, որ այդ միջոցները չեն ծառայում իրենց նպատակին և կարող են ուղղվել այլ՝ ոչ հրապարակային նպատակների»։

Նա չբացառեց, որ այդ գումարները տարբեր ճանապարհներով դուրս են գալիս երկրից և օգտագործվում են այլ նպատակներով, այդ թվում՝ արտերկրում։

«Երբ տեսնում ենք պաշտոնյաների շքեղ կենսակերպը, բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ միջոցները արդյունավետ են օգտագործվում քաղաքային խնդիրների լուծման համար»։

Ամփոփելով՝ Սոնա Աղեկյանը հայտարարեց․ «Պետք է արձանագրել, որ քաղաքային իշխանությունը ձախողել է քաղաքային կառավարման կարևոր ուղղությունները՝ աղբահանությունը, սանմաքրումը և դեռատիզացիան, և այս իրավիճակը պահանջում է հստակ պատասխանատվություն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը