Ներքին 6 ամիս առաջ - 21:28 20-03-2026

Հայագիտական մասնագիտությունների անվճար տեղերը կրճատվե՞լ են․ ԿԳՄՍՆ-ի պատասխանը

Կառավարության երեկվա նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:

Նկատենք, որ ԿԳՄՍ նախարարության հրապարակած տեքստում հայագիտական մասնագիտությունների վերաբերյալ կոնկրետ թվեր նշված չեն, ինչից հետո մտահոգություններ հնչեցին, որ այս ուսումնական տարվանից հայագիտական մասնագիտություններով անվճար տեղեր չեն հատկացվելու։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվական բաժնից Oragir.News-ին հայտնեցին, որ եթե հրապարակման նկարագրությունում այդ մասին նշված չէ, դա չի նշանակում, որ հայագիտական մասնագիտությունների համար անվճար տեղեր չկան։

«Հրապարակված նյութը կրում է նկարագրական բնույթ և չունի իրավական ուժ։ Իրավական ուժ ունի միայն կառավարության համապատասխան որոշումը և դրա հավելվածները։ Խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության որոշում 309-Ն որոշմանը, որի ամբողջական տարբերակը հասանելի է e-gov հարթակում»,- ասացին մեզ գերատեսչությունից։ Մեզ տեղեկացրին նաև, որ պաշտոնական տվյալները ներկայացված են որոշման 5 հավելվածներում, որտեղ մանրամասն նշված են բուհերը, մասնագիտությունները, անվճար տեղերի քանակը։ Տեղեկացանք, որ Հայագիտական մասնագիտությունների վերաբերյալ տվյալները կարելի է գտնել հավելված 2-ում, որտեղ ներկայացված է ամբողջական բաշխումը ըստ բուհերի և ծրագրերի։

Oragir.News-ի հարցին՝ նախորդ տարիների համեմատ տեղերը կրճատվե՞լ են, թե՞ ոչ՝ գերատեսչությունից պատասխանեցին․ «Տեղեկատվությունը բաց և հասանելի է, պարզապես կենտրոնացված չէ մեկ ամփոփ աղյուսակում կամ մամուլի հաղորդագրության մեջ։ Էական փոփոխություններ չեն արձանագրվել, իսկ հստակ համեմատության համար անհրաժեշտ է դիտարկել տարբեր տարիների հավելվածները։

Այսինքն՝ փոփոխությունների մասին եզրակացություն անելու համար պետք է համեմատել, օրինակ, 2025–2026 և 2026–2027 ուսումնական տարիների համապատասխան հավելվածները»։ Փոփոխությունների մասին հստակ տեղեկատվություն տրամադրելու համար մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

Հարցումն ուղարկել ենք, պատասխանը ստանալուն պես՝ այն նույնպես կհրապարակենք։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը