Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 18:00 13-03-2026

ԲՏԱ-ն հետ է ուզում իր տված 117 մլն կանխավճարը և 36 մլն տուգանքը մի ՍՊԸ-ից, որը վաղուց «թռած» էր ՊԵԿ-ից

Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ռաբբեր ընդ Հայվեյ» ՍՊԸ-ի միջև 2023 թվականին կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում ընկերությանը փոխանցվել է 117 միլիոն դրամ կանխավճար։

Ըստ պայմանագրի՝ հիշյալ ՍՊԸ-ն պարտավորվել է նախարարությանը «փորձակոնստրուկտուրական» աշխատանքներ կատարել, որոնց առաջին փուլի արդյունքները պետք է հանձնվեին մինչև 2024-ի օգոստոսի 30-ը, երկրորդինը՝ 2025-ի մարտի 30-ը, իսկ արդեն երրորդինը՝ 2025-ի հունիսի 30-ը։

«Ռաբբեր ընդ Հայվեյ» ՍՊԸ-ն իր ստանձնած պարտավորությունները չի կատարել՝ փորձաքննության արդյունքները պատվիրատուին չի հանձնել, ինչից ելնելով էլ ԲՏԱ նախարարությունը ընթացիկ տարվա մարտի 9-ի դրությամբ ամբողջությամբ լուծարել է պայմանագիրը։

Գերատեսչությունը ՍՊԸ-ից պահանջում է վերադարձնել իր վճարած 117 մլն դրամ կանխավճարը, ինչպես նաև պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու տուգանքը՝ պայմանագրի գնի 0․5%-ի չափով՝ 1 մլն 960․770 դրամ և տույժերը՝ 33 մլն 965․832 դրամ։





Թեպետ ողջունելի է, որ ԲՏԱ նախարարությունը հետևողականություն է դրսևորում՝ «Ռաբբեր ընդ Հայվեյ» ՍՊԸ-ից պահանջում է վերադարձնել հարկատուների գրպանից վերջինիս վճարած 117 մլն դրամ կանխավճարը, սակայն առավել ողջունելի կլիներ, եթե նախքան նման խոշոր պայմանագիր կնքելը, նախարարությունը նույնքան հետևողական լիներ և ուսումնասիրեր հիշյալ ՍՊԸ-ի հետագիծը։

Մասնավորապես՝ Oragir.News-ի ձեռքի տակ հայտնված բացառիկ փաստաթղթերից պարզ է դառնում, որ «Ռաբբեր ընդ Հայվեյ» ՍՊԸ-ն դեռ 2022 թվականից ունեցել է հարկային պարտք՝ 395․649 դրամ (եկամտահարկի գծով), իսկ Պետական եկամուտների կոմիտեն չի կարողացել գանձել այդ գումարը, քանի որ ընկերությունը և նրա սեփականատեր Աղասի Վարդանյանին չի հաջողվել հայտնաբերել։ Քանի որ Վարդանյանը հիշյալ միջադեպին նախորդած 1 տարում թույլ է տվել մեկ այլ իրավախախտում, դա սույն գործով դիտարկվում է որպես ծանրացնող հանգամանք։ Հաջորդիվ ՊԵԿ-ի որոշմամբ Աղասի Վարդանյանին հայտնաբերելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, ու հայտնի չէ, թե դրանք ինչ արդյունք են տվել։



Այսպիսով՝ ԲՏԱ նախարարությունը խոշոր պայմանագիր է կնքել մի ընկերության հետ և 117 մլն դրամ կանխվճար տրամադրել վերջինիս, որն ավելի վաղ չի կատարել 395 հազար դրամի պարտավորությունը և ներկայումս, ժողովրդի լեզվով ասած, «թռած է»։ Այս իրավիճակում, երբ ԲՏԱ-ն «դռնեդուռ ընկած» փորձում է վերադարձնել այս գումարը, կարող ենք լավատես չլինել և պնդել, որ եթե հիշյալ ընկերությունն իր 395 հազար դրամ պարտավորությունը չի կատարել, ապա չի վերադարձնի նաև 117 մլն կանխավճարը և չի վճարի մոտ 36 մլն տույժ-տուգանքը։ Կարծում ենք, որ 2023 թվականին՝ այս բազմամիլիոնանոց պայմանագիրը կնքելիս, պետական մարմինը չէր կարող չիմանալ, որ դեռ 2022 թվականին հարկային մարմինը չի կարողացել հայտնաբերել այդ ընկերությանը և գանձել նրա չնչին պարտքը, իսկ եթե չի իմացել, ապա դա փաստում է կառավարման այն ճգնաժամը, որը կա Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, և որի «հպարտ քաղաքացիները» վերջին 8 տարում շատ թանկ են վճարում։ Հավելենք նաև, որ հիշյալ գործարքը կնքվել է ԲՏԱ նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանի պաշտոնավարման վերջին օրերին՝ 2023-ի դեկտեմբերի 27-ին։ Փաստացի Խաչատրյանի ղեկավարած գերատեսչությունը պետական բյուջեից 117 մլն դրամ է փոշիացրել ու մեծ լավատեսություն է պետք ունենալ՝ ակնկալելու համար, որ «թռած» ընկերությունը այն կվերադարձնի օրերից մի օր։ Սա միայն մի օրինակն է, թե Հայաստանում ինչ «արդյունավետությամբ» են կառավարվում հերոս հարկատուների վճարած գումարները․․․

ԲՏԱ-ն հետ է ուզում իր տված 117 մլն կանխավճարը և 36 մլն տուգանքը մի ՍՊԸ-ից, որը վաղուց «թռած» էր ՊԵԿ-ից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ