Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 19:39 12-03-2026

Իրանի շուրջ լարվածության ֆոնին Փաշինյանն Ադրբեջանին միջանցք է տալիս

Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է հենց այսօր ապահովել տարանցումն Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ։ Նա նաև հավելել է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել։

Oragir.News-ի հետ զրույցում, մեկնաբանելով Փաշինյանի ելույթը, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը արձագանքեց. «Որովհետև Թուրքիան և Ադրբեջանը միջանցք են ուզում Հայաստանի Հանրապետության տարածքով։ Միջանցք՝ այսինքն ինչ-որ տարածք, որտեղ ՀՀ իշխանությունների լիազորությունները կլինեն սահմանափակված։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նրանք օգտվեն հայկական ճանապարհներից»։

Քաղաքագետը հիշեցրեց նաև Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցներից մեկը՝ նշելով, որ այնտեղ հնչած ձևակերպումները, իր գնահատմամբ, վկայում են նման մոտեցման մասին։

«Այդ հարցազրույցում նա խոսում էր «ֆրոնտ օֆիս» հասկացության մասին։ Ասում էր, որ այդ համակարգի շրջանակում հնարավոր է, որ Հայաստան մտնող ադրբեջանցիներին ընդհանրապես մարդ չդիմավորի՝ լինի բեռնատարի վարորդ, թե ավտոբուսի ուղևոր։ Փոխարենը նրանց կարող է դիմավորել արհեստական բանականություն կոչվածը»,- նշեց նա։

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ստանալ այնպիսի ռեժիմ, որն, իր կարծիքով, նման կլինի նախկինում Լաչինի միջանցքի գործելակերպին։

«Ադրբեջանը Հայաստանում ուզում է նույն միջանցքը, որը մենք ունեինք Լաչինում։ Հիշո՞ւմ եք՝ մի փոքրիկ բուտկա էր դրված Արցախի Հանրապետություն մտնելիս։ Շատ դեպքերում մարդիկ նույնիսկ անցնում էին առանց կանգ առնելու։ Ադրբեջանը հիմա նույնն է ուզում, նա այլ տարբերակ չի ուզում, և Նիկոլ Փաշինյանը դրա համաձայնությունը տվել է»,- շարունակեց Մաթևոսյանը՝ կարծիք հայտնելով, որ Բաքուն սպասելու է այնքան, մինչև այդ միջանցքի հարցը լուծվի։

Քաղաքագետն անդրադարձավ նաև տարածաշրջանային զարգացումներին՝ դրանք կապելով միջանցքի թեմայի հետ։

«Տեսեք նաև՝ ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ զարգացումների ֆոնին։ Նույնիսկ խոսակցություններ կան, որ պետք է հումանիտար միջանցք տրամադրել ադրբեջանցիներին՝ Նախիջևանի հետ կապվելու համար։ Փաստացի փորձում են Իրանի շուրջ հնարավոր լարվածության կամ պատերազմի քողի տակ ադրբեջանցիներին միջանցք տրամադրել»,- դիտարկեց նա՝ կարծիք հայտնելով, որ նման նախաձեռնությունները կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով։

«Հավանաբար՝ հիմա պարզապես առիթ են փնտրում այդ ամենը կյանքի կոչելու համար։ Երևի նաև իրենց ընկալմամբ ափսոս է, որ հնարավոր իրանական պատերազմը չընկավ հետընտրական շրջանի վրա։ Այդ դեպքում կարելի էր ամեն ինչ հանձնել ու մեղքը պատերազմի վրա գցել։ Իսկ ընտրություններից առաջ միջանցք հանձնելը կարող է խնդիրներ առաջացնել»,- եզրափակեց Բենիամին Մաթևոսյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ