Մամուլ 7 ամիս առաջ - 08:36 03-03-2026

Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։ Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է: Նշված սահմանափակման նպատակն է պահպանել սգո և հիշատակի օրերի հանրային, խորհրդանշական և բարոյական նշանակությունը։ Այնուամենայնիվ, գործող իրավակարգավորումը կիրառվում է տեսալսողական մեդիայի բոլոր գովազդների նկատմամբ՝ անկախ դրանց բնույթից և նշանակությունից։ Մասնավորապես, գործող իրավակարգավորումը գովազդի նկատմամբ սահմանում է ընդհանուր արգելք՝ առանց տարբերակելու գովազդի բովանդակային բնույթը կամ նպատակային ուղղվածությունը։ Արդյունքում սահմանափակումը կիրառվում է ինչպես զվարճանքի կամ ժամանցային տարրեր պարունակող գովազդների, այնպես էլ զուտ տեղեկատվական բնույթ պարունակող հաղորդագրությունների նկատմամբ։

Գովազդը ենթադրում է ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տարածում անորոշ թվով անձանց շրջանում և ուղղված է տվյալ ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ հետաքրքրության ձևավորմանն ու պահպանմանը՝ առանց զվարճալի բնույթի տարրերի պարտադիր առկայության։ Այստեղից հետևում է, որ սգո և հիշատակի օրերին առկա սահմանափակումները պետք է ուղղված լինեն բացառապես այն հաղորդումներին, որոնք իրենց բովանդակությամբ նախատեսված են զվարճանք կամ ժամանց ապահովելու համար կամ պարունակում են զվարճանքի կամ զվարճալի բնույթի տարրեր։ Հետևապես այդ օրերին գովազդի ամբողջական արգելքը համաչափ չէ սահմանված նպատակին և անհարկի սահմանափակումներ է ստեղծում ինչպես տնտեսավարողների, այնպես էլ տեսալսողական մեդիայի հեռարձակողների գործունեության համար։

Այսպիսով՝ առաջարկվում է սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը վերացնել՝ պահպանելով միայն այդ օրերին զվարճալի հաղորդումների և ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդի հեռարձակման արգելքը՝ որպես հանրային շահից բխող սահմանափակում։

Բացի այդ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այս օրենքը չի տարածվում համացանցի, բացառությամբ ցանցային օպերատորների գործունեության, տեսալսողական արտադրանքին զուգահեռ կամ տեսալսողական արտադրանքի կազմում հաղորդվող կամ տեսալսողական արտադրանքի միջոցով հասանելիություն ստացող լրացուցիչ տեսալսողական կամ տեքստային տեղեկատվության (ինտերակտիվ հեռուստատեսության) վրա: Արդյունքում սգո և հիշատակի օրերին գովազդի ամբողջական սահմանափակումը տարածվում է միայն հեռարձակողների նկատմամբ, իսկ այլ հարթակներում նման սահմանափակումը չի կիրառվում։ Արդյունքում ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ հեռարձակողների նկատմամբ՝ դրանով խաթարելով տնտեսական մրցակցությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում