Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 17:30 26-02-2026

Հայաստան, ԱՄՆ, Չինաստան և ոչ միայն․ ովքեր են ՄԱԿ-ում ձեռնպահ քվեարկել Ուկրաինային աջակցող բանաձևին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Փետրվարի 24-ին լրացավ ռուս–ուկրաինական պատերազմի 4-րդ տարին։ Ինչպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղերձում ընդգծել էր, այդ օրը լրացավ 4 տարին այն օրվանից, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է 3 օրում գրավեր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը։

Ռազմական գործողությունների տարելիցի առթիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» վերտառությամբ բանաձևը։ Փաստաթուղթը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայում, իրականացնել ռազմագերիների լիարժեք փոխանակում, ազատ արձակել Ռուսաստանի կողմից ձերբակալված բոլոր անձանց և վերադարձնել քաղաքացիական բնակչությանը Ուկրաինա:

Բանաձևը միևնույն ժամանակ վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։

Ուշագրավ է, որ Արևմուտքի հետ իր հարաբերությունները խորացնող, ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը չբացառող Հայաստանի Հանրապետությունը այն 51 երկրների շարքում է, որոնք ձեռնպահ են քվեարկել հիշյալ բանաձին։ Հայաստանից բացի, բանաձևին ձեռնապահ քվեարկած երկրների թվում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Սերբիան, Բրազիլիան, Կոլումբիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Քուվեյթը, Արաբական Միացյան Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Օմանը, Քաթարը, Պակիստանը և այլն։

Հետաքրքրական է հատկապես ԱՄՆ-ի ձեռնպահ քվերակությունը։ Մասնավորապես՝ Վաշինգտոնը պահանջել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ հատվածի և միջազգային իրավունքին համապատասխան «համապարփակ, արդար և երկարատև» խաղաղության կոչ անող պարբերությունն առանձին քվեարկության դրվի։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թեմի Բրյուսը հայտարարել է, որ հիշյալ դրույթներ «կարող են խափանել ընթացիկ բանակցությունները, այլ ոչ թե աջակցել բոլոր դիվանագիտական ​​ուղիներին՝ երկարատև խաղաղության ճանապարհը բացելու համար», սակայն այս պահանջն աջակցություն չի ստացել, ուստի Նահանգները ձեռնպահ է մնացել։ Ենթադրաբար ամերիկյան կողմի այս դիրքորոշումը պայմանավորված է իր միջնորդական առաքելությանը չվնասելու ցանկությամբ։

Բանաձևին դեմ են քվեարկել 12 երկրների ներկայացուցիչներ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Իրանը, Մալին, Նիգերը, Նիկարագուան և Սուդանը:

Բացի այդ, 20 երկիր առհասարակ չի մասնակցել քվեարկությանը։ Ընդ որում, այս երկրների թվում է նաև Ադրբեջանը, որի և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում վերջին շրջանում լարվածության միտումներ են նկատվում։

Հավելենք նաև, որ նույն օրը Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Դմիտրի Լյուբինսկին ելույթ է ունեցել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ կիսադատարկ դահլիճում: Նրա ելույթը բոյկոտել են շուրջ 40 երկրների ներկայացուցիչներ: Ի պատասխան՝ Լյուբինսկին Եվրոպային մեղադրել է «ռուսաֆոբիայի» մեջ:

Այսպիսով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից 4 տարի անց էլ պատերազմի ավարտը դեռևս չի նշմարվում: Ավելին՝ այս պահի դրությամբ Ուկրաինային ցուցաբերվող քաղաքական աջակցության հարցում էլ համաշխարհային դերակատարների շրջանում հստակ դիրքորոշում չկա, ինչի վկայությունը քվեարկության նման խայտաբղետ պատկերն է․


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր