Ներքին 6 ամիս առաջ - 11:19 03-02-2026

Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները

Ամփոփվել են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» ամենամյա մրցույթի արդյունքները։ Նախաձեռնությունն իրականացրել են ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՄԱԿ ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Այս անգամ մրցույթն անցկացվել է «Մեր դպրոցական այգու պահապանը» խորագրով՝ խթանելով աշակերտների ստեղծագործական մտածողությունն ու թիմային աշխատանքը, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության զգացումը։ Մասնակից դպրոցներին առաջարկվել է ստեղծել այգու խորհրդանշական պահապան-թալիսմաններ, մշակել դրանց պատմությունը և ձևավորել այգիները՝ բնության հետ ներդաշնակության գաղափարով։ Մասնակիցները ոչ միայն իրենց հերոսների պատմություններն են հորինել և ձևավորել այգիները, այլև պատմությունները հասցրել են դպրոցների ագրո-խմբեր։

Մրցույթն անցկացվել է երկու հիմնական անվանակարգով՝

«Դպրոցական լավագույն մինի այգի» (դպրոցամերձ բաց տարածքների համար).
«Լավագույն այգին՝ պատուհանագոգին» (փակ տարածքների և պատուհանագոգերի օգտագործմամբ)։

Մասնակցության հայտ է ներկայացրել 24 դպրոց՝ ՀՀ 6 մարզից և Երևանից։ Մայիսին մեկնարկած ծրագրի շրջանակում բոլոր մասնակիցները ստացել են մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն՝ գաղափարները կյանքի կոչելու համար։

Մրցույթի պահանջներին համապատասխան՝ մասնակից դպրոցները մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ներկայացրել են իրենց նախագծային փաթեթները. հանձնաժողովի գնահատմանը ներկայացվել է 13 ամբողջական նախագիծ։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի, Հայ օգնության ֆոնդի, «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի և «Կանաչ արահետ» ՀԿ-ի ներկայացուցիչներ։

Մրցույթի հաղթողները

«Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգի հաղթողներն են․

Լանջաղբյուրի Վ․ Ադամյանի անվան միջնակարգ դպրոցը (Գեղարքունիքի մարզ)
Նոր Գեղիի Յու․ Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը (Կոտայքի մարզ)
Ծակքարի միջնակարգ դպրոցը (Գեղարքունիքի մարզ)

«Լավագույն այգին՝ պատուհանագոգին» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նեղոցի Արթուր Բեկջանյանի անվան հիմնական դպրոցը (Լոռու մարզ)։

Հանձնաժողովը նաև շնորհել է․

խրախուսական մրցանակ 4-րդ տեղի համար՝ Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցին (Լոռու մարզ)

խրախուսական մրցանակ 5-րդ տեղի համար՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցին (Գեղարքունիքի մարզ)։

«Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա մրցանակ՝ 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, իսկ 2-5-րդ տեղերը զբաղեցրած դպրոցները՝ իրենց դպրոցական ճաշարանների համար նախատեսված մրցանակներ։

Բացի այդ՝ մրցույթի կազմակերպիչները սահմանել են խրախուսական մրցանակներ այն դպրոցների համար, որոնք մի քանի տարի շարունակ մասնակցել են մրցույթին և ցուցաբերել հետևողական ջանք դպրոցամերձ այգիների մշակման գործում։

«Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի առանցքային բաղադրիչներից է: Այն նպատակ ունի զարգացնել դպրոցամերձ այգիները՝ հարստացնելով աշակերտների սննդակարգը տեղական թարմ բարիքներով և նրանց փոխանցելով օրգանական գյուղատնտեսության ու կայուն հողօգտագործման հմտություններ։

2021 թվականին մեկնարկած այս նախաձեռնությունն արդեն վերածվել է ամենամյա ավանդույթի՝ կրթելով բնության հանդեպ հոգատար և գյուղատնտեսական հմտություններով զինված նոր սերունդ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ