Ներքին 9 ամիս առաջ - 18:31 08-01-2026

ԱԱԾ-ն միշտ եղել է իր տեղում, իր պարտականությունների շրջանակում և հասցեագրել է բոլոր այն խնդիրները, որոնք պետք է հասցեագրեր. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և ներկա գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի։

«Պետք է արձանագրեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է և, ըստ էության, այն հենասյուններից մեկը, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, սահմանադրական կարգի պահպանության տեսակետից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարի խոսքով, Կառավարությունն այսօր որդեգրել է պետության հարատևության օրակարգը և բոլոր նպատակների, գործողությունների կենտրոնում և առանցքում դրվել է պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։

«Եվ շատ կարևոր է, որ պետությունը՝ անկախ քաղաքական իշխանության բնույթից և էությունից, ունենա ամուր հենարան, թիկունք։ Սա չափազանց կարևոր է մեր պետության հարատևությունը և զարգացումն ապահովելու համար»,– ընդգծել է վարչապետը։

Խոսելով 2018 թվականից հետո արձանագրված տնտեսական արդյունքների մասին՝ այս հարցում ևս Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը տնտեսական գործունեության անվտանգությունն ապահովելու տեսակետից:

Վարչապետն ընդգծել է նաև, որ այսօր Կառավարության նիստում ընդունված Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի տրամաբանությունն ու օրակարգն ընդունելի կլինի ինչպես պետական մյուս մարմինների, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայության համար:

Վարչապետը խոսել է Ազգային անվտանգության ծառայության վերլուծական կարողությունների զարգացման մասին, շեշտել, որ ուժային կարողությունների զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև վերլուծական կարողությունների զարգացումը՝ որպես կանխարգելող գործիք: Այս համատեքստում, երկրի ղեկավարը նշել է նաև ժամանակակից աշխարհում ահագնացող սպառնալիքների մեծացմանը զուգահեռ ճիշտ մարտավարություններ որդեգրելու կարևորությունը:

«Ես կրկին ուզում եմ շնորհավորել բոլորիդ այս օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայությանը՝ ընդհանուր առմամբ և յուրաքանչյուր ծառայողի, նաև շնորհավորել ձեր բոլորի Ամանորը, Սուրբ Ծնունդը, ձեր ընտանիքների անդամներին, ձեր հարազատներին, ձեր բարեկամներին, հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում, կրկին իմ գոհունակությունն արտահայտել այն փաստի առիթով, որ հիմա արդեն համոզված եմ ասում, որ բոլոր ամենաբարդ իրավիճակներում Ազգային անվտանգության ծառայությունը միշտ եղել է իր տեղում, միշտ եղել է իր պարտականությունների շրջանակում և հասցեագրել է բոլոր այն խնդիրները, որոնք պետք է հասցեագրեր:

Իհարկե, իրավիճակները տարբեր են եղել, բարդ են եղել, երբեմն նույնիսկ անհաղթահարելի են թվացել, բայց այն, որ մենք բոլոր այդ խնդիրները հաղթահարել ենք, դրանում ամենևին էլ երկրորդական չէ և չէր կարող երկրորդական լինել Ազգային անվտանգության ծառայության դերը»,– ամփոփել է վարչապետը:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ աշխատակիցներին պարգևատրել է հուշամեդալներով և պատվոգրերով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում