Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 19:00 23-12-2025

Ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ Տեր-Պետրոսյանին չի կարելի հայհոյել․ ինչու է Լևոն Զուրաբյանի հարցազրույցը գրաքննվել

«Չեմ նշել և չեմ էլ պատրաստվում նշել»,- Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Հանրային ռադիոյում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հարցազրույցում հնչած վիրավորական արտահայտությանը, ասաց ՀՌ-ի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը՝ նշելով, որ չի ցանկանում հրապարակել այդ մեկ «անպարկեշտ» բառը, որը հեռացվել է հարցազրույցից։

Հիշեցնենք՝ կիրակի օրը Հանրային ռադիոյում հրապարակված Լևոն Զուրաբյանի հարցազրույցը որոշ ժամանակ հեռացվել է Հանրային ռադիոյի բոլոր հարթակներից, այնուհետև հանրային ճնշման տակ կրկին վերականգնվել։

ՀՌ-ի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ մոնտաժային եղանակով հարցազրույցից հեռացվել է ընդամենը մեկ բառ, որը վիրավորանք է պարունակում։

Լևոն Զուրաբյանն էլ, անդրադառնալով հաղորդումից այդ բառը հեռացնելու հարցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է: «Ջախջախել էի նիկոլական պրոպագանդայի բոլոր միֆերն ու ստերը: Հաստատ Նիկոլի քիմքով չէր: Հայաստանի Հանրային ռադիո, բացատրություն ունե՞ք, թե արդեն ես տվեցի այդ բացատրությունը»։

Oragir.News-ի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ օգտագործում է հայհոյախառն, անպարկեշտ կամ վիրավորական արտահայտություններ, թույլատրելի է՞, Արմեն Քոլոյանն արձագանքեց․ «Խնդրում եմ նրան դիմեք այդ հարցով։ Ես ասում եմ՝ մեր եթերում չեմ ուզում որևէ վիրավորանք լինի՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ էլ, ենթադրենք, Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին»։

Հարցին՝ երբևէ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյում հյուրընկալվե՞լ է, հարցազրույց տվե՞լ է, Քոլոյանը պատասխանեց․ «Ցավոք, իմ օրոք դա չի եղել, բայց ես բոլորին եմ ասել՝ թե՛ իշխանավորներին, թե՛ ընդդիմադիրներին, որ մեր հարթակը բաց է բոլորի համար։ Բոլորին հրավիրում ենք։ Գիտենք, որ հիմա բարդ շրջան է՝ եկեղեցի, իշխանություն, մոտենում են ընտրությունները, նյարդերը լարված են։ Այս ամենը հասկանալով՝ ես ասում եմ․ ժողովուրդ ջան, խնդրում եմ՝ իրար քննադատեք փաստերով, վիճեք, կոշտ բանավիճեք, ինչ ուզում եք արեք, բայց բառապաշարը թող լինի կիրթ»։

Ավելի ուշ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նոր գրառում կատարեց՝ հրապարակելով այն բառը, որի համար ՀՌ-ն մոնտաժել է իր հարցազրույցը։

«Վարչապետին բնութագրող «խիստ անպարկեշտ» բառը, որի համար իբր Հանրային ռադիոյին տված իմ հարցազրույցը ենթարկվեց գրաքննչական հարձակման, «ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ» բառն էր: Փաշինյանը և նրա պրոպագանդան փիս «նեղացել» էին այդ բառի համար, որակել «վիրավորական, խիստ անպարկեշտ»»,- գրել է ՀԱԿ փոխնախագահը։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը