Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 09:57 07-12-2025

Յոթ Վերք եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացողին. Վարդան Ղուկասյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.

«Դեկտեմբերի 7-ը՝ սգո, ողբերգության, մեր անմեղ զոհերի հիշատակը խնկարկելու օրն է։

37 տարի առաջ հենց այս օրը Հայաստանի հյուսիսը ցնցվեց երկրաշարժից։ Արդյունաբերական հսկա Գյումրի քաղաքը, վայրկյանների ընթացքում, վերածվեց ավերակների։ Մայր հողն իր մեջ առավ հազարավոր գյումրեցիների, հազարավորներն էլ դարձան հաշմանդամ, զրկվեցին բնակարանից ու աշխատատեղից։ Ողբերգական այդ օրվանից մի ողջ կյանք է անցել, սակայն մեր ցավը չի մեղմվել, մեր վերքն արյունահոսում է ցայսօր։

Երբ դուք առաջին անգամ ինձ վստահեցիք Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, ձեր ուղերձը մեկն էր՝ ուժերի գերլարումով, անկոտրում կամքով և ամենօրյա աշխատանքով դիմափոխել տառապանքից հյուծված քաղաքը։

Տարիների իմ աշխատանքը ձեր աչքի առջև է՝ սկսած ճանապարհաշինությունից, բնակարանային շինարարությունից, բնակարանների թափանցիկ բաշխումից մինչև պայքար անօթևանների իրական, ճշմարիտ թվի ներկայացում Հայաստանի կառավարությանը, նոր բնակարանաշինություն, մարզամշակութային, կրթական օջախների կառուցում և վերակառուցում։Իմ ղեկավարման տարիներին կառուցվել էր շուրջ 17.000 բնակարան, քաղաքն ազատվել է շուրջ 40.000 տնակից։

Ավերված քաղաքից մինչև նրա վերածնունդը մենք եղել ենք միասին, ձեր կամքն է ձուլվել իմ կամքին։
Այսօր Գյումրին կրկին անտեսված է. օրվա իշխանությունների 8 տարվա կառավարման ընթացքում գեթ մեկ բնակարան չի կառուցվել Գյումրիում։

Մեկ տարի առաջ այս նույն օրը՝ դեկտեմբերի 7-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսը վերաօծեց Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր զարդերից մեկը՝ Սուրբ «Ամենափրկիչ» եկեղեցին։ Ինչպես «Ամենափրկիչը», այնպես էլ «Սուրբ Նշանը» վերականգնվել են իմ կողմից, ինչպես ասվում է Սուրբ Գրքում, ոչ թե ավելցուկից, այլ՝ վերջինով։

«Ամենափրկիչը» խոնարհված ու վեր հառած հոգևոր այն բացառիկ կոթողներից է, որը վկայում է մեր հոգևոր սխրանքների, քրիստոսադավանության, առաքելական անսասան հավատքի, մնայուն հույսի և անսահման սիրո մասին։

«Մինչև Ամենափրկիչը չվերականգնվի, Գյումրին չի վերականգնվի»՝ իմ արտահայտած միտքն իրականություն է, չնայած այն հանգամանքին, որ, տարիների անտարբերությունից հետո, քաղաքի զարգացման տեմպերը և առկա անելիքները դեռևս շատ են։

Հենց դրանցով էլ պայմանավորված՝ ես կրկին առաջադրվեցի քաղաքապետի պաշտոնում՝ վերստին ստանալով ձեր և Գյումրու ավագանու ընդդիմադիր ուժերի վստահության քվեն։Այսօր ես ձեզ դիմում եմ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության զնդանից՝ իմ և իմ ընտանիքի նկատմամբ պլանավորված քաղաքական հալածանքի և ծրագրված հետապնդման հետևանքով։

Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություններ անելու ինձ ներկայացված մեղադրանքը ոչ թե նողկալի է, այլ՝ ծիծաղելի։ Դուք բոլորդ գիտեք ինձ, իմ գործունեությունը, մեր պաշտելի հայրենիքի նկատմամբ իմ անհատակ սերն ու նվիրվածությունը։

Այսօր Գյումրու «Սուրբ Յոթ Վերք» եկեղեցի է ոտք դնելու Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը։

Աստվածուրացի տարիներին Հայաստանում երկու եկեղեցու զանգերը չեն լռել՝ Մայր Տաճարինը և «Յոթ Վերքինը» կամ Աստվածածնինը։ Երիցս նզովյալ է նա, ով կեղծ պատարագ կկազմակերպի Տիրամոր յոթ վերքերը խորհրդանշող մեր սուրբ եկեղեցում։

Ես գիտեմ՝ Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է նրանց վրա, ովքեր անիրավությամբ և անբարշտությամբ ճնշում են ճշմարտությունը։

«Յոթ Վերք» մեր եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացողին։

Ուզում եմ հիշեցնել, որ 1918 թվականին, երբ թուրք գեներալ Մեհմեդ Վեհիբ փաշան ցանկացել է քանդել «Յոթ Վերք» եկեղեցին, վախից ուշագնաց է եղել։ Տիրամայրը թուրքին տեսիլքով սպառնացել է կուրացնել։ Ուշքի գալուց, թշնամի ջարդարարը գոռացել է «Մայրամանա», այսինքն՝«Աստվածածին», ինչից հետո թուրք գեներալը խոնարհվել է Աստվածամոր պատկերի առջև՝ իր թիկնազորով պաշտպանելով «Յոթ Վերք» եկեղեցին։

Քաղաքական դիվիդենտների համար Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, թշնամու պատվերով, հալածողին, ուզում եմ հիշեցնել անհուշ բերդում Արշակ թագավորի աքսորի պատմական փաստը։

Ինձ ու սրբազաններին բանտում հանիրավի պահող, հիշի՛ր՝ Գյումրիից սկսեցիր քո քայլարշավը, բայց «Սուրբ Յոթ Վերքը», իմ կառուցած «Սուրբ Նշանն» ու «Ամենափրկիչը» քո կործանման պատիժն են տալու, իսկ ես ու շատերը կաղոթենք քո անթիվ մեղքերի թողության համար։

Սիրելի հայրենակիցներ…

Հիշատակի այս օրն ես ձեզ մաղթում եմ տոկունություն,ուժ, ներքին և արտաքին թշնամիներին դիմագրավելու միասնականություն: Չվախենաք ոչնչից և ոչ մեկից: Աստված մեզ հետ է,եւ,ուրեմն, ո՞վ կարող է մեզ հետ մենամարտել»,-ասված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ