Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:21 26-11-2025

Ի դեմս Բագրատ և Միքայել Սրբազանների, Լիդյա Մանթաշյանի ու մյուսների՝ այսօր բանտարկված են մեր ողջ պետությունն ու ժողովուրդը

Ազգային ժողովում այսօր խորհրդարանական լսումներ էին։ Իմ կարծիքով՝ ավելի քան կարևոր իրադարձություն, որն, անկասկած, կնպաստի քաղաքականության վերադարձին մերօրյա իրականություն։

Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Թող ասածս տարօրինակ չթվա։ Այո, հենց քաղաքականության վերադարձ։ Սա է իշխանությունների կեղծ օրակարգերը հաղթահարելու և, ի վերջո, նրանցից ձերբազատվելու ուղին։ Հայաստանում գործընթացները նորից պետք է դառնան քաղաքական։ Մնացած ամեն ինչը պարզապես ժամանակի ու ռեսուրսների ապարդյուն վատնում է։

Խորհրդարանական լսումների հենց սկզբում ԱԺ ամբիոնից հնչեց Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ Սրբազանի խոսքը՝ ամենակարևոր արձանագրումով։ Այո, «այս լսումները և նմանատիպ մյուս բոլոր գործողությունները ոչ թե իմ կամ մեր մասին են՝ այլ կալանավորված, շղթայված և թշնամական գերության մեջ գտնվող մեր Հայրենիքի, մեր պետության ազատագրության մասին»։

Ցավոք, ինքս չկարողացա ելույթ ունենալ լսումներում։ Բայց կարևոր մի միտք, որն այսօր պետք է հնչեցնեի խորհրդարանում, այնուամենայնիվ ուզում եմ այստեղ ներկայացնել։ Այն է, որ մենք պետք է շատ լավ գիտակցենք՝ քաղաքական շարժառիթներով հետապնդվող մեր ոչ մի ընկեր պատահական չի հայտնվել կալանավայրերում։ Իշխանությունները շատ լավ գիտեն, թե ինչ են անում։ Շատ թիրախային են գործում։ 18 Արդարների գործը դրա ամենավառ ապացույցն է։ Տեսեք, թե ում են հետապնդում իշխանությունները։

Բարձրաստիճան հոգևորականի, զոհված զինվորի ծնողի, ՀՀ խորհրդարանի պատգամավորի, Արցախի խորհրդարանի պատգամավորի, ազատամարտի մասնակցի, արդար կնոջ, զինվորականի… Ի դեմս բոլոր այս մարդկանց Նիկոլն ու նրա խորհրդականները թիրախավորել են մեր ողջ ժողովրդին, ժողովրդի ամենասիրելի ու պատվելի շերտերին։

Սրա մասին ես շատ եմ խոսել, բայց անհրաժեշտ է նորից կրկնել։ Որովհետև, այո՛, երիցս ճիշտ է Սրբազան Հայրը՝ խոսքը քաղբանտարկյալների մասին չէ։ Խոսքը Հայաստանի մասին է ու մեր ժողովրդի։ Ի դեմս Բագրատ Սրբազանի, Լիդյա Մանթաշյանի, Դավիթ Համբարձումյանի, Սամվել Կարապետյանի, Արթուր Սարգսյանի, Միքայել Սրբազանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների, այսօր բանտարկված է մեր ողջ պետությունն ու ժողովուրդը։

Դատելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սրագսյանին՝ այս իշխանությունները դատում են մեր ողջ ժողովրդին և պետությունը։

Սա է ճշմարտությունը։

Բայց ճշմարտություն է նաև այն, որ Նիկոլն ու իր հովանավորները հաջողում են միայն այն դեպքում, երբ մենք ենք թերանում մեր անելիքներում։ Իսկ մենք, ցավոոք, շատ ենք թերացել։

Ու թերացել ենք հենց քաղբանտարկյալների հարցում։ Խորհրդարանական այսօրվա լսումները, ինչպես նաև մի քանի օր առաջ Դատախազության շենքի դիմաց մեկնարկած ակցիա-երթը այդ թերացումները շտկելու՝ իմ կարծիքով շատ արդյունավետ քայլեր էին։ Քաղբանտարկյալները մնացել են այս իշխանությունների կոկորդին։ Չեն մարսում ու չեն կարողանալու մարսել։ Ուզու՞մ եք համոզվել ասածիս ճշմարտության մեջ՝ ցանկացած քպականի մոտ հնչեցրեք, օրինակ, Լիդյա Մանթաշյանի անունը։ Միշտ այդպես է լինում՝ երբ խիղճը բանտարկվում է, այն սկսում է ներսից «ուտել» մարդուն։ Եվ ի վերջով հաղթանակում է, որովհետև ինչպես կրկին երիցս ճիշտ է ասում Բագրատ Սրբազանը, չարիքը «չի կարող պարզապես հաղթել արդարությանը, ճշմարտությանը, հաշտությանը և սիրուն»։

Եվս մեկ ճշմարտության մասին եմ ուզում պատմել։ Բանտարկված մեր ընկերներն այսօր կերտում են մեր վաղվա հաղթանակը։ Ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլև բոլոր մնացած ոլորտներում։ Որովհետև պայքարում են։ Հավատում են։ Չեն վախենում։ Պատիվն ու արժանապատվությունը ամեն ինչից վեր են դասում։ Եվ դրա արդյունքն է, որ Հայաստանի Խորհրդարանում այսօր ոչ թե Հայրենիքի Կալանավորի, այլ Հաղթանակած Սրբազանի կոչ հնչեց»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին