Ներքին 10 ամիս առաջ - 13:45 25-11-2025

«Հայաստանի Pro Bono (անվճար) Իրավական Համագործակցային Նախագիծը» ճանաչվել է PILnet-ի` 2025թ․ Գլոբալ Մրցանակի հաղթող

Երևան, 2025 թ. Նոյեմբերի 24-Միջազգային և Համեմատական Իրավունքի Կենտրոնը հպարտությամբ հայտարարում է, որ իր «Հայաստանի Pro Bono Իրավական Համագործակցային Նախագիծը» ճանաչվել է PILnet-ի 2025 թվականի Գլոբալ Մրցանակի հաղթող «Գլոբալ Գործընկերություն»անվանակարգում։ PILnet-ի մրցանակները շնորհվում են այն բացառիկ իրավական նախաձեռնություններին, որոնք իրականացվել են համաշխարհային մակարդակով և նպաստում են սոցիալական փոփոխություններին, քաղաքացիական հասարակության հզորացմանը և հանրային շահերի արդյունավետ պաշտպանությանը։

«Հայաստանի Pro Bono Իրավական Համագործակցային Նախագիծը» իրականացվել է միջազգային առաջատար իրավաբանական ընկերությունների՝ Orrick, Baker McKenzie, Simmons & Simmons և Reed Smith, ինչպես նաև տեղական կազմակերպությունների և իրավապաշտպանների հետ համագործակցությամբ։

Նախագծի նպատակն էր ապահովել իրավական աջակցություն այն էթնիկ հայերին, ովքեր բռնի կերպով տեղահանվել են Արցախից (Լեռնային Ղարաբաղից)՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրան հաջորդած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով։

«Արցախ Միություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ նախագիծը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է դիմումներ 173 զոհերի անունից։ Նախագիծը համախմբել է ավելի քան 120 կամավոր իրավաբանների տարբեր երկրներից, ովքեր իրավապաշտպան Արա Ղազարյանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպան՝ Գեղամ Ստեփանյանի հետ միասին, պատրաստել և ներկայացրել են 113 գանգատ: Դիմումները վերաբերում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների խախտումներին, մասնավորապես՝ վերադարձի, սեփականության, ընտանեկան կյանքի և արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքներին։

Ընդամենը երեք ամսվա ընթացքում կատարվել է ավելի քան 1,600 ժամ անվճար իրավաբանական աշխատանք, ինչը վկայում է, որ համակարգված և համատեղված իրավական գործողությունները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ հումանիտար ճգնաժամերի պայմաններում։

«PILnet-ի այս բարձր գնահատականը ընդգծում է իրավաբանների համերաշխության և համագործակցության կենսական կարևորությունը հումանիտար ճգնաժամերի պայմաններում», — նշել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն Սիրանուշ Սահակյանը։ «Մեր համատեղ աշխատանքը ապացուցում է, որ երբ իրավաբանները միավորում են ուժերը՝ ազգային սահմաններից դուրս պաշտպանելու մարդուն արժանապատվությունն ու արդարությունը, նրանց ներդրումը կարող է ունենալ թե՛ անմիջական, թե՛ երկարաժամկետ ազդեցություն»։

«Արցախ միություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Բեգլարյանը նշում է. «Այս մրցանակի ստացումը՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները պաշտպանելու հրատապ անհրաժեշտության ճանաչումն է։ Այն միջազգային հանրության ուշադրությունը սևեռում է մեր դժվարությունների վրա: Նման գնահատանքի արժանանալը ամրապնդում է մեր շարունակական ջանքերը՝ ապահովելու իրավական պաշտպանություն և հաշվետվողականություն»։

PILnet-ի Գլոբալ Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է 2025 թ. նոյեմբերի 13-ին, Հռոմում, որտեղ ներկայացվել և գնահատվել են աշխարհում իրականացվող նորարարական և բարձր ազդեցություն ունեցող pro bono իրավական նախագծեր։ Հայկական կողմը մրցանակաբաշխությանը ներկայացնում էր մարդու իրավունքների մասնագետ Արփի Ավետիսյանին: Վերջինս իր խոսքում նշում է. «Այս Նախագիծը ավելին է, քան հասանելիություն արդարադատությանը դիմումատուների համար: Այն հույսի փարոս է տասնյակ հազարավոր Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված արձանց համար»:

Միջազգային և Համեմատական Իրավունքի Կենտրոնը խորին շնորհակալություն է հայտնում իր բոլոր գործընկեր կազմակերպություններին, իրավաբանական ընկերություններին, կամավորներին և մասնագետներին՝ այս նախաձեռնության իրականացման գործում իրենց նվիրվածության և մասնագիտական ներդրման համար։

Կենտրոնը նաև հատուկ շնորհակալություն է հայտնում մարդու իրավունքների մասնագետ Արփի Ավետիսյանին, որի հետևողական և նվիրված աշխատանքը վճռորոշ է եղել տեղական ու միջազգային գործընկերների արդյունավետ համագործակցության կազմակերպման և ծրագրի հաջող իրականացման գործում։
Այս մրցանակը վերահաստատում է Միջազգային և Համեմատական Իրավունքի Կենտրոնի թիմի անշեղ հանձնառությունը՝ կիրառելու իրավունքը որպես պատասխանատվության, մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության ապահովման հզոր գործիք։

*Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի (Armenian Legal Center for Justice and Human Rights) հետ համագործակցությամբ

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը