Ներքին 9 ամիս առաջ - 12:11 21-11-2025

Աստանայում բացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան փողոց

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր անցկացվել է Մեսրոպ Մաշտոցի անունը կրող նոր փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, ինչպես նաև Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան և այլ պաշտոնյաներ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի, բարեկամության և մշակութային համագործակցության պատմության մեջ բացվում է նոր էջ։ Նրա խոսքերով՝ Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ինքնության հիմքերից է, այլև մարդկային քաղաքակրթության կարևոր նվիրյալներից, որի թողած ժառանգությունը դարերի խորքից պահպանել է կրթության, մշակույթի և պատմական հիշողության կամուրջը։

Նախարարը ընդգծել է նաև հայերեն առաջին թարգմանված նախադասության խորհրդանշական նշանակությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը դարձել է հայ ժողովրդին ուղղված կարևոր պատգամ և շարունակական ուղերձ։

Անդրեասյանը հիշեցրել է, որ այս տարվա ապրիլին Երևանի Ավանում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով, ինչը ներկայացրել է որպես փոխադարձ հարգանքի և մշակութային կապերի վկայություն։ Նրա խոսքով՝ Երևանում և Աստանայում ստեղծված այս խորհրդանշական վայրերը դառնում են կամուրջներ՝ միավորելով երկու ժողովուրդների արժեքները՝ խաղաղություն, կրթություն, ստեղծագործականություն և բարեկամություն։

Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան իր ելույթում շեշտել է, որ Մաշտոցի անվան փողոցի բացումը կարևոր իրադարձություն է երկու երկրների բարեկամության նշանով։ Նա նշել է, որ Մաշտոցի գործունեությունը հաստատում է՝ մշակույթը սկիզբ է առնում լեզվից, իսկ հասարակության զարգացումը՝ կրթությունից։ Բալաևան հավելել է, որ այս տարի նշվում է Հայաստանի և Ղազախստանի դիվանագիտական հարաբերությունների 33-ամյակը, որի ընթացքում արձանագրվել են նշանակալի արդյունքներ տարբեր ոլորտներում։ Միջոցառման ընթացքում նախատեսված է նաև հուշագրի ստորագրում՝ թանգարանային, գրադարանային և կինեմատոգրաֆիայի ոլորտներում համագործակցության խորացման համար։

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան