Ներքին Միտք 11 ամիս առաջ - 10:16 09-11-2025

Մի ստորագրությամբ կորցրինք մեր հողը, մեր Արցախը… և տղայիս՝ իմ կյանքը. զոհված զինծառայողի մայր

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, գրել է.

«Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան Երևանից էի վերադառնում։ Ինչպես միշտ՝ հույսով լի ճանապարհ էի անցնում․ գուցե մի լուր գտնեմ տղայիցս, գուցե որևէ վիրավոր զինվոր, կամավոր, բժիշկ մի բան ասի՝ «տեսել եմ»։

Հիվանդանոցից հիվանդանոց էի գնում՝ սրտիս մեջ լույս պահած։ Նույնիսկ ՊՆ էի հասել՝ գուցե այնտեղ ինչ-որ անուն գտնեմ… գուցե։

Գյումրի վերադարձա շատ ուշ։ Գլուխս ծանր էր, սիրտս՝ տատանվող։ Մի քանի դեղ խմեցի, որ գոնե կարողանամ աչք փակել։ Բայց ներսս այրվում էր՝ ցավից, անհանգստությունից, անորոշությունից։ Մտքերով նորից Արցախում էի՝ որդուս կողքին, ով չէր լքել իր դիրքը։

Առավոտ շուտ արթնացա։ Հեռախոսում տասնյակ բաց թողնված զանգեր։ Զանգեցի առաջինին։
– Լուր ունեմ ասելու՝ և՛ լավ, և՛ վատ։ Որից սկսեմ՞։
– Վատը շատ է իմ կյանքում, – ասացի, – սկսիր լավից։
– Պատերազմը կանգնել է… վերջ։

Մի պահ սիրտս կանգ առավ, հետո սկսեց արագ բաբախել։ Աչքերս լցվեցին ուրախությամբ․ վայ, ինչ լավ է, կգտնեմ տղուս, կենդանի է լինելու…

Բայց հետո հարցրի՝
– Իսկ վատը՞…
– Հողերը հանձնել են, – լսեցի ձայնը, – Քաշաթաղը, Շուշին… Տուն գնալ չենք կարող, տուն չունենք էլ։

Այդ պահին աշխարհը փլվեց ինձ վրա։ Մի ստորագրությամբ կորցրեցինք մեր հողը, մեր տունը, մեր մանկությունը, մեր Արցախը… և տղայիս՝ իմ կյանքը։

Նայում էի պատուհանից դուրս՝ նոյեմբերյան մառախուղը ծածկել էր Գյումրին, ու թվում էր, թե հենց երկինքն է լաց լինում։ Տունը լուռ էր, բայց ներսումս աղմուկ էր՝ մի աղմուկ, որ միայն մայրական սիրտն է լսում։ Ամեն հիշողություն վերադառնում էր՝ որդուս քայլերը բակում, նրա ձայնը, ծիծաղը, խոսքը՝
«Մամ, Արցախը մերն է լինելու միշտ…»

Այդ օրը կյանքը կանգ առավ։ Աշխարհը բաժանվեց երկու մասի՝ մինչև նոյեմբերի 9-ը և հետո։
Դրանից հետո ոչ մի օր չեմ նշում, միայն հիշում եմ։ Հիշում եմ որդուս՝ հողի պես ամուր, լեռան պես հպարտ։

Եվ ամեն անգամ, երբ լսում եմ այդ բառը՝ Արցախ, սիրտս ցավից սեղմվում է, բայց նույն պահին ներսումս մի փոքրիկ հպարտություն է ծնվում․
իմ որդին պաշտպանում էր այդ հողը։
Այն հողը, որտեղ այսօր էլ նրա ոգին է կանգնած։
Այն հողը, որի համար իմ հոգին երբեք չի հանձնվելու։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում