Ներքին 1 տարի առաջ - 17:30 03-11-2025

600 մլն դրամ՝ տոնական տրամադրության համար․ Երևանում տոնածառն էլի ժամանակից շուտ է դրվում

Հանրապետության հրապարակում մեկնարկել են մայրաքաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Տոնածառի տեղադրման նախապատրաստական փուլը սկսվել է հոկտեմբերի 30-ին։ Այս տարի աշխատանքները մեկնարկել են սովորականից շուտ․ 2024 թվականին դրանք սկսվել էին նոյեմբերի 5-ին, իսկ 2023-ին՝ նոյեմբերի 13-ին։

Երևանում այս տարի ամբողջությամբ կփոխարինվեն երկրի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսավորությունը։ Այս աշխատանքների համար քաղաքային իշխանությունները մոտ 50 մլն դրամ են նախատեսել։ Oragir.News-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը նշեց, որ այս տարի ամանորյա ձևավորման և տոնական միջոցառումների համար նախատեսված բյուջեն չի փոխվել․ այն մնում է նախորդ տարվա մակարդակում՝ 600 միլիոն դրամ։

«Այս տարի ևս պլանավորվել է 600 միլիոն դրամ բյուջե։ Տոնական ձևավորման համար հայտարարվել է մրցույթ, որը ներկայում ավարտական փուլում է։ Մոտ օրերին մրցույթի արդյունքները կամփոփվեն»,– ասաց Առաքելյանը։

Նրա խոսքով՝ տոնածառի տեղադրման աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը։

«Նախորդ տարվա համեմատ ծախսերի աճ չկա։ Պարզապես նախորդ տարի լույսերի և վարչական շրջանների տոնածառերի գագաթների ձեռքբերման լոտին մասնակից չկար, իսկ այս տարի արդեն ունենք մասնակից»,- հավելեց նա։

Առաքելյանը նաև ընդգծեց, որ պայմանագրերը դեռ չեն կնքվել․ մրցույթն ընթացքի մեջ է, և առաջիկա օրերին կպարզվի, թե որ կազմակերպությունների հետ կկնքվեն պայմանագրերը։

Ինչ վերաբերում է վերջին տարիներին տոնածառի տեղադրման աշխատանքների ավելի վաղ մեկնարկին՝ պաշտոնյան նշեց, որ դա պայմանավորված է աշխատանքների ծավալով․
«Տոնածառի տեղադրումն ունի բարդ կոնստրուկցիա, որը պահանջում է փուլային աշխատանքներ՝ մետաղական կառուցվածքների տեղադրումից մինչև լույսերի և խաղալիքների տեղադրում։ Այդ պատճառով աշխատանքները սկսվում են ավելի շուտ, որ դեկտեմբերի առաջին շաբաթներին ամեն ինչ պատրաստ լինի և հնարավոր լինի վառել տոնական լույսերը։ Չենք ուզում հապճեպ անենք, որպեսզի որևէ բան թերի չմնա»,- ասաց Արմեն Առաքելյանը։

Ի դեպ, Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառը սկսել են Նոր տարուց բավականին շուտ տեղադրել՝ սկսած 2022 թվականից, երբ Արցախը հայտնվել էր շրջափակման մեջ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ