Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 11:58 03-11-2025

Հայաստանը 2023-2024 թվականներին Ֆրանսիայի հետ կնքել է 274.5 մլն եվրոյի սպառազինության պայմանագրեր

2023-2024 թվականներին Հայաստանը Ֆրանսիայի հետ ստորագրել է ավելի քան 274 միլիոն եվրոյի սպառազինության պայմանագրեր։ Ազատության փոխանցմամբ այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կողմից երկրի խորհրդարանին ներկայացրած զեկույցից։

Ֆրանսիայի ՊՆ-ն այդ փաստաթղթում նշում է՝ պաշտպանության ոլորտում համագործակցության բազմազանեցման շրջանակում Հայաստանը որոշել է դիմել Ֆրանսիայի աջակցությանը՝ կարողությունների մեծացման ու ժողովրդի անվտանգության ապահովման նպատակով։ «Նոր սարքավորումների արտահանումը, զորավարժությունների անցկացումն ու օպերատիվ գործողություններն ունեն խիստ պաշտպանական բնույթ։ 2023-ին Երևանում Ֆրանսիայի պաշտպանական առաքելության ստեղծումը թույլ է տալիս հնարավորինս սերտ կապեր հաստատել հայ գործընկերների հետ՝ համագործակցությունն ամրապնդելու լավագույն տարբերակների համար»,-նշվում է զեկույցում։ Ըստ դրա՝ մինչ 2022 թվականը Ֆրանսիան գործնականում սպառազինություն չի մատակարարել Հայաստանին, սակայն 2023-2024 թվականներին ցամաքային զորքերի սպառազինության բազմաթիվ պայմանագրեր են կնքվել, քննարկման փուլում են նաև Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում տարբեր նախագծեր։ Ի թիվս սրա, հայ-ֆրանսիական պաշտպանական գործընկերությունը ներառում է լեռնային տեղանքում մարտերի վարման կարողությունների մեծացում, որի շրջանակում համագործակցում են Վազգեն Սարգսյանի և Սեն-Սիրի ռազմական ակադեմիաները։

Զեկույցում նշվում է, որ Ֆրանսիան Հայաստանին մատակարարում է Caesar հաուբիցներ. այդ մասին հայտնի էր դարձել դեռ 2024-ին, իսկ փաստաթղթի մեկ այլ մասում նշվում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին 15 հակատանկային հրթիռներ ու հրթիռային կայանքներ մատակարարելու մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր