Ներքին Արտաքին Խոսք 11 ամիս առաջ - 19:10 20-10-2025

Պատճառը ԵՄ-ի ստանդարտներն են․ Չեռնոգորիան ՀՀ քաղաքացիների համար էլ է խստացրել մուտքի կանոնները

Չեռնոգորիան Եվրամիության նորմերին համապատասխանեցնելու շրջանակում փոփոխություն է կատարել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների մուտքի կանոններում՝ չեղարկելով առանց վիզայի մուտքի ռեժիմը։

Oragir.News-ի հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ նման քայլը կարող է որոշակի դժվարություններ առաջացնել զբոսաշրջության ոլորտում․

«Զբոսաշրջությունը պահանջում է ավելի ազատ և դյուրին ռեժիմներ։ Զբոսաշրջության հիմնական պայմաններից մեկն է հասանելիությունը՝ թե որքան հեշտ կարելի է այցելել տվյալ երկիրն ու որքան դյուրին է սահմանային անցման գործընթացը։ Ցանկացած սահմանափակում, բնականաբար, բացասաբար է անդրադառնում զբոսաշրջության վրա»,– ասաց նա։

Ապրեսյանի խոսքով՝ Չեռնոգորիան վերջին տարիներին դարձել էր հայերի համար սիրված ուղղություններից մեկը․

«Չեռնոգորիան շատ պոպուլյար զբոսաշրջային ուղղություն էր Հայաստանի շուկայի համար։ Շատերը նախընտրում էին այնտեղ հանգստանալ՝ շնորհիվ բարձրակարգ ծառայությունների և հասանելի գների։ Այժմ, երբ առանց վիզայի մուտքի ռեժիմը վերացվել է, և պետք է դիմել վիզայի համար, դա, իհարկե, որոշակի դժվարություններ կստեղծի»,– նշեց նա։

Միաժամանակ Ապրեսյանը հույս հայտնեց, որ ոլորտի մասնագետներն ու զբոսաշրջային ընկերությունները կգտնեն լուծումներ՝ նվազեցնելու համար նոր սահմանափակումների ազդեցությունը։

«Մեր գործընկերները, օրինակ՝ «Սպուտնիկ» ընկերությունը, մեծ ներդրում ունեն դեպի Չեռնոգորիա այցելությունների կազմակերպման գործում։ Կարծում եմ՝ կգտնվեն ձևեր, որ այդ ուղղությունը պահպանվի։ Բայց ամենամեծ հույսն, իհարկե, այն է, որ ապագայում եվրոպական բոլոր երկրները փոխադարձաբար կսահմանեն առանց վիզայի մուտքի ռեժիմ Հայաստանի քաղաքացիների համար»,- ընդգծեց Ապրեսյանը։

Նա նաև հավելեց, որ իր համոզմամբ՝ այս որոշումն ընդունվել է ոչ թե Չեռնոգորիայի կողմից միանձնյա, այլ՝ ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակում․

«Դժվար թե Չեռնոգորիան միանձնյա նման որոշում ընդուներ։ Կարծում եմ՝ սա ավելի շատ եվրոպական ընդհանուր ստանդարտների և պահանջների դաշտում է։ Նման քայլերը, սակայն, իրենց հերթին կարող են նվազեցնել հենց Չեռնոգորիայի զբոսաշրջային ներհոսքը Հայաստանի շուկայից»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Չեռնոգորիան չեղարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմը Հայաստանի, Ուզբեկստանի, Եգիպտոսի և Քուվեյթի քաղաքացիների համար։ Նոր կանոններով՝ Հայաստանի քաղաքացիները Չեռնոգորիա կարող են այցելել միայն մուտքի վիզա ունենալու պայմանով։ Նախատեսվում է, որ փոփոխություններ կկատարվեն նաև այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ելումուտի կանոններում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում