Ներքին 11 ամիս առաջ - 15:45 14-10-2025

Հայաստանի և Բելգիայի միջև գործընկերությունը կարող է նոր որակ ստանալ. ՀՀ նախագահը՝ Բելգիայի թագուհուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի թագուհի Մաթիլդային:

Նախագահը ողջունել է թագուհու այցելությունը Հայաստան և բարձր գնահատել Ձերդ մեծության առաջնորդությունը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան:

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ։ Ձեր այցելության նպատակը՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանությունը, անշուշտ, մեծապես օգտակար կլինի Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մենք կարողանանք լիարժեք կատարել 2030 թվականի համար ստանձնած պարտականությունները։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր առաջնորդությունն այս ոլորտում և այն, որ զբաղվում եք մարդկությանը հուզող այսպիսի կարևոր հարցերով»,- ասել է նախագահը:

Թագուհի Մաթիլդան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է Հայաստանով և ուրախ է գտնվել մեր երկրում՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանության առիթով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների շրջանակում իրականացվող ծրագրերն ու դրանց առաջմղման ուղղությամբ տարվող քայլերը։ Կողմերը կարևորվել են կրթության դերը՝ որպես համամարդկային հումանիտար խնդիրների հաղթահարման և հասարակությունների կայուն զարգացման հիմնասյուն։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերություններին։ Շեշտվել է տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման, նորարարական լուծումների խթանման և համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման կարևորությունը։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի և Բելգիայի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերությունը կարող է նոր որակ ստանալ գիտության, կրթության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։

Կողմերը մտքեր են փոխանակել 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության COP-17 համաժողովի և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի անցկացման վերաբերյալ։ Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում միջազգային բնապահպանական նախաձեռնություններին և ձգտում է լինել ակտիվ մասնակից գլոբալ ջանքերին՝ ուղղված բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը։ Շեշտվել է կենսաբազմազանության պահպանության և շրջակա միջավայրի կայունության ապահովման գործում ողջ մարդկության համախմբման անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում կարևորվել են նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Կողմերը երկուստեք շեշտել են, որ խաղաղությունը և համագործակցությունը միջազգային հարաբերությունների առանցքային արժեքներն են, իսկ դրանց ամրապնդումը՝ պետությունների և ժողովուրդների առաջընթացի հիմնական պայմանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը