Ներքին 1 տարի առաջ - 11:15 05-10-2025

Շնորհակալ եմ ձեր անգնահատելի, հսկայական աշխատանքի համար. Ժաննա Անդրեասյանը՝ ուսուցիչներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ:

«Սիրելի՛ ուսուցիչներ, այսօր նշվում է Ուսուցչի միջազգային օրը, որը սկիզբ է դրվել 1994 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ։

Կարևոր է, սակայն, վերհիշել՝ ինչու է Ուսուցչի միջազգային օրը նշվում հենց հոկտեմբերի 5֊ին։ Դրա հիմքում այն հանգամանքն է, որ 1966 թվականին այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է ուսուցչի կարգավիճակն ու աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը:

Եվ այսօր՝ այդ իրադարձությունից գրեթե 60 տարի անց, մենք ուսուցչի կարգավիճակն ու դերը վերասահմանելու կարիք ունենք, որովհետև տեխնոլոգիական զարգացումը, կրթական համակարգի առաջ կանգնած խնդիրները պահանջում են մի կողմից վերաիմաստավորել ուսուցչի դերը, մյուս կողմից՝ նրան ընձեռել նոր կարգավիճակ, որն այդ նոր պայմաններում կշարունակի ուսուցչի մասնագիտությունը պահել գրավիչ և մրցունակ երիտասարդների համար, կխրախուսի այսօր համակարգում աշխատող ուսուցիչներին՝ մնալ և շարունակել իրենց գործունեությունը։

Սա մեկ օրվա կամ մեկ ծրագրի գործ չէ։ Այս հարցերը հասցեագրելու համար անհրաժեշտ է համալիր քաղաքականություն, ուստի մենք նախաձեռնում ենք ուսուցչի կարգավիճակի մասին նոր օրենքի քննարկումներ, որը պետք է լինի ուսուցչի դերը մեր հասարակության և պետության ներսում ընդգծող և ուսուցչի համալիր պաշտպանվածությունը, երաշխիքներն ու հարցերը հասցեագրող փաստաթուղթ։

Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մեր կառավարությունն արդեն իսկ էական քայլեր է նախաձեռնել ուսուցչի մասնագիտական զարգացման, վարձատրության համակարգի և աշխատանքային պայմանների բարելավման նպատակով։

2018 թվականին ուսուցչի վարձատրության ֆոնդին ուղղվում էր շուրջ 55 միլիարդ դրամ։ Այս տարիների ընթացքում վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ 67%-ով: Վերանայվել է ուսուցչի աշխատաժամանակը՝ շաբաթական 22 դասաժամից դառնալով 18`տարրական դասարանների համար և 20՝ հիմնական և ավագ դասարանների համար, ներդրվել են ուսուցչի հավելյալ վարձատրության մի շարք մեխանիզմներ՝ գյուղական փոքր դպրոցների, բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչների համար։

Բոլոր ուսուցիչների համար վարձատրության էական բարձրացման մեխանիզմ է դարձել կամավոր ատեստավորումը, որին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 8400 հոգի։

Եթե հաշվի առնենք, որ մինչ այս էլ ատեստավորման արդյունքում վարձատրության բարձրացում գրանցել է արդեն իսկ 6300-ից ավելի ուսուցիչ, ապա կարող ենք հստակ արձանագրել, որ ուսուցչական համայնքի շուրջ կեսը կամ արդեն կամավոր ատեստավորման համակարգի շահառու է, կամ դիմել է, որ դառնա շահառու։

Սա մեծ ճանապարհ է, սիրելի՛ ուսուցիչներ, որը մենք անցել ենք միասին, անցել ենք թերահավատության, ապատեղեկատվության, կասկածների ուղեկցությամբ։ Անցել ենք, որովհետև միասին ենք։

Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ձեր անգնահատելի, հսկայական աշխատանքի համար:

Սովորենք, որ սովորեցնենք։

Շնորհավո՛ր Ուսուցչի օրը»,- ասված է ուղերձում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում